Դիմադրության շարժումը վճռորոշ ժամանակաշրջանում պատմական առաքելություն է կատարել։ Եթե Դիմադրության շարժումը չլիներ, ապա Սյունիքը կարող էր հանձնված լինել։ Այն կանխել է մի շարք շատ լուրջ խնդիրներ։ Մենք պետք է շարունակենք պայքարը, քանի դեռ չենք հասել վերջնական արդյունքի։ Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա կրկնել է, որ գոյություն ունի խորհրդարանական ճգնաժամ, ԱԺ լեգիտիմությունը դրված է կասկածի տակ, Ադրբեջանին Արցախի հանձնման գործում կառավարող կուսակցությունը մնացել է մենակ։ Հայ ժողովուրդը չի ընդունում այս օրակարգը, դրա համար էլ իշխանությունները սպառնում են մանդատներից զրկելով եւ զուգահեռ ցանկանում են, որ ընդդիմությունը մասնակցի կեղծ օրակարգի քննարկումներին։

Սաղաթելյանը գործող խորհրդարանն անվանել է ամենախայտառակը Հայաստանի պատմության մեջ, իսկ խորհրդարանական մեծամասնությունը, նրա գնահատմամբ, ոչ միայն լեգիտիմ չէ, այլեւ չի սպասարկում հայ ժողովրդի շահերը։

«Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը եւ նրա քաղաքական թիմը վերջին երկու տարիներին ծափահարում է թշնամիներին, դիմավորում են նրանց ծափահարություններով եւ ծափահարությունների ներքո շարունակում հանձնել երկիրը։ Ինչի՞ վրա են ուրախանում։ Ինչի՞ն են ծափ տալիս։ Նրան, որ երկիրը հանձնե՞լ են։ Նրանք մեզ ոչ մի տեղ չեն տարել։ Մենք հանդես ենք եկել հայտարարությամբ, դուրս ենք եկել խորհրդարանից, գնացել ենք իշխանությունների հրաժարականի պահանջի ճանապարհով եւ առաջ ենք շարժվում այդ ուղղությամբ»,- ընդգծել է պատգամավորը։

Նա մեկ անգամ եւս նշել է, որ ընդդիմությունը խորհրդարան կգա սեփական օրակարգով։

Պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին հարցին՝ ընդդիմադիրը հեգնանքով պատասխանել է. «Ի՞նչ է, նրանք գոյություն ունե՞ն»։

«Նրանք շատ ավելի խայտառակ վիճակում են, քան Նիկոլը։ Խոսելով Նիկոլի մասին՝ մենք հասկանում ենք, որ Էդմոնը նրա հետ է կամ նրա գրպանում։

Եթե ընդդիմությունը խուսափեր պատասխանատվությունից, ապա չէր անի այն, ինչ արել է վերջին 3 ամսում։ Հենց պատասխանատվության զգացումն է մեզ փողոց հանել, եւ հենց դա է մեզ մղում այն քայլերին, որոնք մենք նախաձեռնել ենք։

Եթե այդպես չլիներ, մենք կձեւացնեինք, որ մեր երկրում ամեն բան նորմալ է»,- ասել է Սաղաթելյանը։

Մանրամասն տեսանյութում

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.