«Սուրմալու» առեւտրի կենտրոնում երեկ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ստեղծված ողբերգական իրադրության ֆոնին քանոն նվագած ու նկարահանված աղջկան հանրության որոշ հատված շարունակում է պարսավանքի ու սուր քննադատության արժանացել։ Չնայած նրա տված բացատրություններին՝ երեկվանից չեն դադարում վերջինիս լուսանկարի ու տեսանյութի տարածումը՝ համակցված վիրավորանքի ու դատապարտման խոսքերով։

Երեւանի Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ այդ պահին աղջկա ելույթը, իհարկե, շատ խորթ էր, սակայն, վերջինիս համոզմամբ, չափից ավելի շատ ուշադրության կենտրոնում հայտնվեց, եւ յուրաքանչյուրն իր պարտքը համարեց առաջ բերել սեփական բարոյականությունը՝ քարկոծելով նրան։

«Աղջիկը, կարծում եմ, սխալ բան է արել եւ գիտեմ, որ հետո հրապարակավ հազարապատիկ ներողություն է խնդրել։ Ամեն դեպքում, նման գործողություն անելուց առաջ պետք էր մի քիչ մտածել, մտածել հետեւանքների, արձագանքների մասին։ Խոսքը նաեւ գլոբալ իմաստով եմ ասում, քանի որ շատ հաճախ մենք անում ենք արարքներ եւ հետո արդարանում, թե չմտածեցինք հետեւանքների մասին։ Մտածեք, ուղեղն ինչի՞ համար է տրված»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է Բաբայանը։

Անդրադառնալով տեղի ունեցած ողբերգությանը՝ նա նշում է՝ մեծ ողբերգություն է եղել, իսկ ողբերգությունների ժամանակ խրատներով չեն զբաղվում, ինչը, ցավոք, մեր ազգաբնակչության մի ստվար զանգված անում է սոցիալական հարթակներում. «Նման դեպքերում փորձում են իրավիճակը հաղթահարել, յուրաքանչյուրն իր ձեւով, իր կարողության չափով, իսկ այս դեպքում ողբերգությունը մղելով երկրորդ պլան՝ մարդիկ առաջին պլան էին բերել աղջկա դեպքն ու իրենց բարոյախրատական մտքերը»։

Ինչ վերաբերում է մեղադրանք-հայտարարություններին, թե աղջկա նվագն ավելորդ աղմուկ է եղել, որը կարող էր խանգարել որոնողական աշխատանքներին, Բաբայանը նկատում է՝ նման դեպքերում կան հատուկ լռության պահեր, քանի որ ե՛ւ տեխնիկա է աշխատում, ե՛ւ մարդիկ են աղմկում, բայց դժվար թե լռության պահին էլ նա նվագեր։

Ռուբեն Բաբայանի դիտարկմամբ՝ եթե քանոն նվագող աղջիկն ուզում էր այդ արարքով իրեն գովազդել, ապա նրան այդ աստիճանի քննադատողներն ու կարեւոր անելիքները թողած՝ գրառումներ կատարող անձինք էլ գովազդում են սեփական բարոյականությունը․ «Մեծ ողբերգության դեպքում, իսկ երեկվա կատարվածը իսկապես մեծ ողբերգություն է, ավելի կարեւոր հարցեր կան»։

Նկատենք՝ երեկ քանոն նվագող աղջկա լուսանկարի հետ տարածում էին նաեւ Շուշիում ռմբակոծության ենթարկված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում նվագող բելգիահայ Սեւակ Ավանեսյանի լուսանկարն ու կարծիք հայտնում, թե աղջիկը, աչքի առաջ ունենալով 44-օրյա պատերազմի ժամանակ եկեղեցում նվագող երիտասարդին, փորձել է կրկնել նույնը, որպեսզի հայտնիություն ձեռք բերի։ Շատերը, համեմատելով կատարվածները, նշում էին՝ երկու դեպքում էլ արարքը պաթետիկ է։

Անդրադառնալով այդ համեմատություններին եւ տարատեսակ մեկնաբանություններին՝ Բաբայանը նկատում է․ «Լրիվ անհամեմատելի երեւույթներ են, այլ գաղափար, այլ նպատակ։ Ղազանչեցոցում նվագելու գաղափարն այն էր, որ այդ հրեշավոր ռմբակոծությունից հետո կյանք կա ու պետք է շարունակվի։ Այդ երիտասարդը, ինչ-որ տեղ վտանգելով իր կյանքը, նվագում էր, որովհետեւ ամեն պահի կարող էր ռմբակոծությունը կրկնվել։ Արվեստով թավջութկահարն ազդարարում էր, որ կյանքը շարունակվում է, որովհետեւ արվեստը կյանք է»։

Բաբայանի խոսքով՝ երեկվա աղետի ֆոնին քանոնահար աղջկան ձոնված գրառումները հիմնականում նույնաբովանդակ էին՝ ազգային որակումներ պարունակող ընդհանրացված կարծիքներ, հուսահատության ճիչեր։

«Մենք սիրում ենք խոսել ամբողջ ազգի անունից, յուրաքանչյուր դեպք վերագրել ընդհանուրին, սա ինչ-որ բարդույթ է։ Վակուումի մեջ ազգ ենք ուզում ստեղծել։ Այդ աղջկան դատափետելուց առաջ եկեք ուշադրություն դարձնենք, որ 150-ից ավելի կամավոր եկան ու սկսեցին աշխատել, վտանգելով սեփական կյանքը՝ օգնել փրկարարներին․ այդ մարդիկ էլ են մեր ազգի ներկայացուցիչները, նրանք, ովքեր առավոտից երեկո չարախոսելով են զբաղված, իրենք էլ են մեր ազգի ներկայացուցիչը։ Վերջին շրջանում մեզանում ստեղծվել է մի թյուր կարծիք, թե ֆեյսբուքյան ակտիվիստներն ազգի դեմքն են, եւ որ պետք է առաջնորդվել այդ մարդկանց տարածած կարծիքներով։ Աղջկա այդ քայլը չմտածված երեւույթ էր։ Այդպես էլ է լինում: Դա չի նշանակում, որ այդ սխալված աղջիկը մեր ազգի դեմքն է: Բայց եթե որեւէ մեկը համարում է, որ դա է իր ազգային դեմքը, իր գործն է։ Երբեք պետք չէ խոսել ազգի անունից։ Նման լիազորություններ ոչ ոքի տրված չէ»,- շեշտում է զրուցակիցը։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, դերասան, երաժիշտ Արթուր Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում նկատում է՝ աղջկա արարքին գնահատականներ տալ չի կամենում. նախ, քանի որ կոռեկտ չի համարում, երկրորդ, գնահատողներն իրենից վաղուց առաջ են ընկնել՝ անցնելով բոլոր թույլատրելի սահմանները։

«Պարզապես կուզենայի ասել, որ պետք չէ այդքան անողոք լինել, ենթադրենք՝ մարդը սխալվել է, ի՞նչ անենք, գնդակահարե՞նք։ Դնենք այնքան դատափետենք, որ այդ մարդը գնա, ինքնասպա՞ն լինի։ Մեկնաբանություն անողները թող նախ հիշեն, որ բոլորն էլ սխալական են, ոչ ոք ապահովագրված չէ»,- կարծում է նա:

Վերջինիս դիտարկմամբ՝ քանոն նվագող աղջկա դեպքը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում թավջութակ նվագողի երաժշտի հետ համեմատելն էլ առհասարակ կոռեկտ չէ։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.