Հայաստանում գործում է նորաբաց ծառայությունների մատուցման կայքէջ (Husher.am), որտեղ հնարավոր է հանգուցյալի համար հուշապատումներ պատվիրել: Ծառայությունն անհատական QR կոդ է տեղադրում գերեզմանաքարերի վրա, որը սքանավորելու դեպքում բջջային հեռախոսի կամ պլանշետի վրա բացվում է տվյալ անձնավորության հիշատակի էջը:

Հիշատակի էջում ներկայացվում են մահացածի կյանքն ու գործունեությունը՝ լուսանկարների ու տեսանյութերի, հիշողությունների, մեջբերումների, կարծիքների, նամակների եւ ցանկացած այլ բնույթի տեղեկատվության հիման վրա:

Նախաձեռնության հեղինակ Մնացական Ներսիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշում է, որ նախաձեռնության գաղափարն առաջացել է, երբ այցելել է ընկերներից մեկի հարազատի շիրիմին:

«Նայում էի շուրջբոլորս, եւ հանգուցյալների գերեզմանաքարերին հիմնականում գրված էին նրանց ծնված ու մահացած թվերը: Գաղափար առաջացավ տեղադրել նմանատիպ մի բան, որն ավելի շատ ինֆորմացիա կպարունակի հանգուցյալի մասին: Դրան կից որոշեցինք ստեղծել հիշատակի էջ, որտեղ կներառվեն իրական դեպքերի ու դրվագների հիման վրա կազմված հուշապատումներ հանգուցյալների մասին: Հուշապատումներում կարտացոլվի ու կներկայացվի մարդը, նրա ապրած կյանքն ու գործունեությունը»,- նշում է նա:

Ստարտափի հեղինակը նաեւ մանրամասնում է՝ մահացած անձի մասին ողջ տեղեկատվությունը գեներացվում է QR կոդի միջոցով եւ տեղադրվում գերեզմանաքարի վրա: Վերջինիս փոխանցմամբ՝ QR կոդի միջոցով գեներացված տեղեկատվությունը կարող է լինել ե՛ւ ծածկագրի տակ, ե՛ւ առանց դրա՝ կախված հանգուցյալի հարազատի ցանկությունից:

«QR կոդն առանձին փոքրիկ քարով տեղադրված է լինում գերեզմանաքարին: Այն տրամադրելու հետ մեկտեղ մենք հանգուցյալի գերեզմանի տեղադիրքը նշում ենք քարտեզի վրա եւ տեղադրում հիշատակի էջում: Այսպիսով՝ հիշատակի էջի միջոցով հնարավոր է նաեւ գտնել գերեզմանը եւ երթուղի նշել»,- հավելում է Ներսիսյանը:

Նախաձեռնության հեղինակի խոսքով՝ հիշատակի էջը պատրաստող աշխատակիցներն իրենց տրամադրված տեղեկատվությունը խմբագրում են, բերում առավել պատշաճ տեսքի, ինչպես նաեւ խորհուրդներ տալիս եւ օգնում հանգուցյալի հարազատին հուշապատումներ ստեղծելու եւ տեղեկատվությունն ամբողջական տեսքի բերելու հարցում: Դրանից հետո նոր հավաքված տեղեկատվությունը տեղադրվում է կայքում. «Ժամանակի ընթացքում հիշատակի էջը կարելի է խմբագրել, ավելացնել լուսանկարներ կամ այլ նյութեր, որոնք էջը ստեղծելիս, ենթադրենք, հարազատի ձեռքի տակ չեն եղել»:

Ըստ Ներսիսյանի՝ հիշատակի էջ պատվիրող անձի հետ պայմանագիր է կազմվում: Պայմանագրի հիմնական դրույթներից մեկն այն է, որ նա ներկայացնի հանգուցյալի գերեզմանի ու մահվան վկայականը: «Սա հատուկ է արվում, որ մենք վստահ լինենք՝ հանգուցյալի հարազատները տեղեկացված են եւ կողմ են, եթե անգամ պատվիրատուն իրենք չեն»,- շեշտում է նա:

Պատվերները կարող են կատարել գրելու կամ կայքի ստորին հատվածում տեղադրված համարներին զանգելու միջոցով: Վճարը դեռ հստակ չի որոշվել, այս շաբաթվա վերջ կհրապարակվի: Հարցադրմանը՝ ամեն դեպքում, մինչեւ ի՞նչ գնային սահմաններում է տատանվում ծառայության մատուցումը, Մնացականյանն ասում է. «Դեռ հստակ չէ, սակայն զոհված զինծառայողների դեպքում ավելի մատչելի կլինի»:

Ստարտափը նախաձեռնողի վստահեցմամբ՝ արդեն պատրաստ են ծառայություններ մատուցել, հետաքրքրվողներն էլ շատ-շատ են: Որոշել են առաջիկա մեկ շաբաթում իրենց հանգուցյալ հարազատներից մեկ-երկուսի օրինակով պատրաստել հիշատակի էջ, այն տեղադրել կայքում, որպեսզի պատվիրատուն ավելի հստակ պատկերացնի, թե ինչ կարող է ակնկալել:

Կայքում հիշատակի էջը լինելուն է հետեւյալ կերպ՝ հանգուցյալից մեկ մեծ լուսանկար, նրա ծննդյան եւ մահվան ամիսն ու տարեթիվը, հակիրճ պատմություն մահվան պատճառների մասին (ըստ ցանկության եւ նպատակահարմարության): Ապա գրվելու է կենսագրությունը, անձի գործունեությունը, տեղադրվելու են տրամադրված անձնական լուսանկարներ եւ տեսանյութեր: Հանգուցյալի համար նախատեսված հիշատակի էջի վերջնամասում էլ կարող են զետեղված լինել հարազատների եւ ծանոթների վկայություններն ու նոթերը՝ նվիրված մահացածի հիշատակին:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian