Արարատյան եւ Շիրակի դաշտի ժողովրդին «թուրքի եթիմ» անվանած, կալանավորված Արմեն Գրիգորյանը միակը չէ, որն իր խոսքում կիրառում է «թուրք» բառը, մասնավորապես՝ իշխանության եւ նրա համակիրների հասցեին արտահայտվելիս։ Խաղարկելով այդ բառի առաջացրած նեգատիվ ասոցիացիաները՝ սպառնալիք, վախ, տագնապ, ոճիր, յաթաղան, ցեղասպանություն, արյուն եւ այլն, ընդդիմությունը փորձում է գրգռել մարդկանց ինքնապաշտպանական ռեակցիան և այսպիսով հակել դեպի իրեն, համախմբել իր շուրջը՝ ներշնչելով, թե իր կողքին լինելու դեպքում է երաշխավորված «թուրքից դոշ թափ տվողների» անվտանգությունն ու լինելիությունը։

Հակաթրքական ուղերձ ունի նաեւ արդեն երրորդ շաբաթը շարունակվող «Դիմադրություն» կոչվող շարժումը, որի մասնակիցներից շատերի շուրթերից նույնպես պարբերաբար հնչում է «թուրք» գոյականն ու ուղղվում նրանց, ովքեր չեն միանում այս շարժմանը եւ/կամ նույնականացվում են իշխանության աջակիցների հետ։ Նկատենք, որ թուրքատյացության, վրեժի բողոք-ուղերձ է պարունակում նաեւ շարժման «հիմնը»՝ «Զարթնիր լաո»-ն, որը «խուժան Ասկյարի» հանդեպ «խեղճ մշեցու» տածած ատելության մասին է։

Շարժման լոզունգներից մեկն էլ Հայաստանի, այսպես կոչված, թրքացումը կանխելն է։ dimadrutyun.org կայքում, ի դեպ, որպես այս շարժման անելիք նշված է հետեւյալը․ «Ազգային դիմադրության առանցքի շուրջ համախմբել Հայաստանի թրքացմանը եւ Արցախի հայաթափմանը դեմ հանդես եկող հարյուր հազարավոր հայերի։ Դուրս գալով նեղ խմբերի շրջանակներից՝ ապահովել լայն հասարակական համախմբում, Հայաստանի թրքացման և Արցախի հայաթափման դեմ սկիզբ առած պայքարին հաղորդել համազգային բնույթ»։ Ապա բացատրվում է՝ ինչ է «թուրքացումը», և որոնք են դրա հատկանիշները։ Ըստ այդմ՝ թրքացումը «Թուրքիայից Հայաստանի քաղաքական, անվտանգային, տնտեսական և ընդհանրապես բազմամակարդակ և բազմաբնույթ կախվածության վիճակն է։ Թուրքացման վերջնական հետևանքը կենսական զիջումներով ուղեկցվող հայոց պետականության փլուզումն է, երբ Հայաստանը վերածվում է իրավական առումով անկախ, բայց փաստացի Թուրքիայից կախյալ՝ կցորդ երկրի»։

Տարօրինակ է, որ հակաթուրքական լոզունգի ներքո ցույցեր իրականացնողների լիդերները կողմ են արտահայտվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, իսկ երբ նույն այդ կարգավորման գործընթացը փորձում է տանել գործող իշխանությունը, այն ընդդիմությունը դիտարկում է Հայաստանի «թրքացման», «ցեղասպանության ուրացման» եւ այլ իռացիոնալ, անհեթեթ մեղադրանքների համատեքստում։

Նկատենք, որ ՈՒՀԱ երբեմնի անդամ Արմեն Գրիգորյանից բացի՝ «թուրք» տերմինի նկատմամբ առանձնակի թուլություն ունեն նաեւ որոշ ներկա եւ նախկին պատգամավորներ, որոնց հանրային խոսքը շատ հաճախ դուրս է նորմատիվային բառապաշարի շրջանակից։ Մինչդեռ այդպիսի խոսքի հեղինակները պատասխանատվություն չեն կրում՝ շարունակելով ատելության թիրախ դարձնել իրենց քաղաքական հակառակորդներին։

«Թուրք» են անվանվում «Քաղաքացիական պայմանագրին» ընտրած շուրջ 680 հազար քաղաքացիները

Թեեւ վիրավորանք եւ ատելության խոսք պարունակող գրառումները տիրաժավորելը հակասում է մեր լրատվական քաղաքականությանը, սակայն, այսուհանդերձ, որոշ մեջբերումներ անենք պատգամավորներից (նրանցից ոմանք այդ գրառումներն արել են մինչեւ պատգամավոր դառնալը) ոմանց գրառումներից, որտեղ գործածված է «թուրք» բառը։ Այդ բառի գործածման գծով անվիճելի, բազմակի չեմպիոն է մասնավորապես ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, որի կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի օրոք, հիշեցնենք, մեկնարկեց Հայաստան-Թուրքիա «ֆուտբոլային դիվանագիտությունը», ու ստորագրվեցին հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները։ Սակայն այն ժամանակ Աշոտյանը զուսպ ու զգուշավոր էր «թուրք» բառը հոլովելիս։ 2008-ին վերջինս ահա թե ինչպես էր արտահայտվում հայ-թուրքական գործընթացի մասին․ «Թուրքիան ուղղակի է պետք Հայաստանին՝ որպես կայուն զարգացող եւ բարյացակամ հարեւան», «մենք ինքներս ենք շահագրգռված այդ հարաբերություններում, իսկ Թուրքիային երբեմն պարտադրում են»։

Իշխանությունից զրկվելուց հետո, սակայն, Աշոտյանը, որը նախկինում կրթության եւ գիտության նախարար էր, «թուրք» բառը շռայլում է գործող Կառավարության ղեկավարի ու իշխանության այլ ներկայացուցիչների հասցեին՝ գործածելով այսպիսի կապակցություններ՝ «մեր երեխաների արյունը վաճառող թուրքի օղռաշ», «թուրքի բիզիմդիր», «թուրքի պրիվետի տակ մնացած ֆուցըն», «թուրքի «օչկո», «թուրքական լրտես», «թուրքի վիժվածքներ», «թուրքի խամաճիկ», «Made in Turkey ուսապարկեր», «թուրքի եթիմ», «թուրքի ոտքերի տակ քարշ եկող», «ներքին թուրքեր», «թուրքի լաթ», «թուրքի տարաբնույթ ելուստներից սնվող եւ բավարարվող դավաճան վիժվածքի մակաբուծարանի ճիճուներ», «ժողովրդին թուրքի առաջ չոքացրիր», «այ թուրքի չուլ»։ Ս․թ․ ապրիլի 28-ին էլ Աշոտյանը գրել է․ «100 տարի առաջ հայ աղջիկներն իրենց թասիբի համար մազերն արձակած նետվում էին ձորից, որ չդառնան թուրքի հարճ, թուրքի քած: Մի՞թե այդ աղջիկների արյունը, նրանց կերպարը մեզ կարող է հանգիստ տալ:․․․ Նիկոլի վերջը գալու է»։

Մեկ այլ ՀՀԿ-ական՝ Էդուարդ Շարմազանովը, եւս «թուրք» բառի գործածման հարցում հետ չի մնում իր կուսակցից։ Նրա մտքի արգասիքներն են «5.000 զոհի պատճառ դարձած եւ Հայաստանի ինքնիշխանությունը մսխած «թուրքի կամակատար»», «թուրքի դեմը ծնկի եկած անկարող հողատու», «թուրքի առաջ «վիզը ծուռ» կապիտուլյացիա ստորագրած ներկա վարչակարգ», «այ թուրքի առաջ «կզած» կապակցությունները։ Օրերս էլ Շարմազանովը կայքերից մեկի հետ հարցազրույցում հայտարարել էր, թե «Ճամփա եմ փակում, որ վաղը թուրքը ձեր տան դեմը չփակի»։ Նախօրեին էլ ԱԺ նախկին փոխնախագահը իր լուսանկարն էր զետեղել «Ֆեյսբուք»-ում՝ կից գրելով․ «Բաղրամյան պողոտա՝ առանց թուրքի Հայաստան լինելու է»։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանն էլ երկու տարի առաջ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, զետեղել էր «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի գրառման սքրինշոթը եւ կից գրել․ «Թուրք-ադրբեջանական ազդեցության գործակալները «ժողովրդի» ժպիտներն են հավաքում»։ Նրա գրառումներում եւս գործածվել են հետեւյալ կապակցությունները․ «թուրք սիրող, թուրքի առաջ կզող, տարածքներ հանձնող», «նիկոլների Հայաստանը պետություն չէ, այլ թուրքի դուքյան»։

Հիշյալ դաշինքի մեկ այլ անդամ՝ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանն էլ գործածել է մասնավորապես հետեւյալ կապակցությունները․ «թուրք նիկոլի թուրք վարձկաններ», «Նիկոլին արդեն էրդողանից հետո օգնության են հասնում թուրք ազգայնականները»։

Նախկին լրագրող, «Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանն էլ, դիմելով իշխող խմբակցության կին պատգամավորներից մեկին, մասնավորապես գրել է․ «․․․Այ լիրբ, էս ի՞նչ սեր ա քո սերը թուրքի հանդեպ, էս ի՞նչ սեր ա, որ մինչեւ հիմա փաթաթում ես վզներիս, գնացեք ձեր թուրք յարերի հետ ապրեք, ռադ եղեք մեր կյանքից»։ Մեկ այլ գրառման մեջ էլ այսպես է արտահայտվել․ «Փաշաեւը թուրք հրոսակների հետ մտավ մեր սրբոց Եռաբլուր, նա ուզում է մեզ երկրորդ անգամ ՍՊԱՆԵԼ, չենք մեռնելու, Փաշաե՛ւ, մենք դեռ Նեմեսիս ունենք…»։ Նրա մտքի փայլատակումներից է նաեւ «Թուրքը մնում ա թուրք!!!!!!!!!!» արտահայտությունը։ Տիկին Խամոյանը մեկ այլ պատգամավորի լուսանկարին կից էլ գրել էր․ «վայելեք թուրքական գործակալներին»։

Արցախի հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանն էլ, որը նույնպես «Հայաստան» դաշինքից է, 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների հաջորդ օրը ֆեյսբուքյան իր էջում «բնիկ Կարսեցու մտորումներ, ներում չկա» հեշթեգերի տակ գրել էր․ «թուրքը հաղթեց: Հ.Գ. հարգելի՛ ընկերներ, ինձ սփոփելու կարիք չկա: Սա պարզապես իրականության արձանագրում է: Այս հաղթանակը թուրք ժողովրդինն է»: Փաստորեն, նրա դիտարկմամբ գործող իշխանությանն ընտրած շուրջ 680 հազար քաղաքացիները թուրք են։

Ի դեպ, ընտրությունների հաջորդ օրը նմանատիպ մի գրառում էլ արել էր ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ մասնավորապես նշելով․ «Էրմենիստանը հաղթեց Հայաստանին»։ «Էրմենիստան»-ը Հայաստանն է՝ թուրքերեն արտասանությամբ։ Նա եւս, փաստորեն, թուրք է համարում նրանց, ովքեր ընտրությունների օրը ձայն են տվել իշխող կուսակցությանն ու ապահովել վերջինիս հաղթանակը։

Ահա խոսքի այսպիսի որակ ու մակարդակ ունեն մարդիկ, որոնք հավակնում են կրկին իշխանության գալ։ Ինչպես ասում են, այս ամենը, իհարկե, ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian