Երեկ՝ Երևանի ժամանակով 22:35-ին, ԱՄՆ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:

Հրթիռի արձակման վայրում ներկա են գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը:

Նշենք, որ SpaceX-ը ամերիկյան կազմակերպություն է, որը զբաղվում է տիեզերական սարքավորումների արտադրմամբ: Կազմակերպության գլխամասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Հոթորն քաղաքում։ Այն 2002 թվականին հիմնադրել է PayPal-ի նախկին բաժնետեր և Tesla Motors-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը՝ նպատակ ունենալով նվազեցնել տիեզերական թռիչքների արժեքը՝ ճանապարհ հարթելու Մարսի գաղութացման համար: Ընկերությունը մշակել է Falcon 1, Falcon 9 և Falcon Heavy հրթիռ մեքենաները, ինչպես նաև Dragon տիեզերանավը:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով՝ ՀՀ առաջին տիեզերական արբանյակի՝ երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերելը Հայաստանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի:

«Սա չունենալը մեր ամենաթույլ կողմերից մեկն է եղել: Իհարկե, ինչ-որ առումով օգտվում էինք մեր ռազմական դաշնակիցներից, բայց սեփական արբանյակ ունենալը լրիվ այլ է: Պարամետրերին նայելով՝ չէի ասի, թե ամերիկյան կամ ռուսական ամենաթոփ հետախուզական արբանյակների պարամետրերից ունի մերը, սակայն միջինից բարձր պարամետրեր ունի, որոնք Հայաստանի պահանջարկի համար բավականին լավն են: Մանավանդ օպտիկական հետախուզության նկարահանման լայնույթը՝ 26 կիլոմետր, բավականին լավ թիվ է»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ռազմական առավելություններին՝ վերջինս նկատում է՝ արբանյակը հնարավորություն կտա տիեզերքից մեզ հետաքրքրող ցանկացած տարածք ցանկացած խորության վրա նկարել:

Հարցադրմանը՝ ինչո՞ւ է Հայաստանը նոր հասնում այս հնարավորությանը, արդյոք ավելի վաղ այս ուղղությամբ աշխատանքներ չե՞ն տարվել, փորձագետը ևս մեկ անգամ ընդգծում է՝ Հայաստանը սրա կարիքը վաղուց է, ինչ ուներ:

«Օրինակ՝ կան պետություններ, որոնք առանձնապես չունեն հետախուզական արբանյակներ ունենալու կարիք, և նրանք կարող ենք օգտվել տարատեսակ միջազգային պլատֆորմներից: Սակայն մեզ համար չափազանց կարևոր խնդիր էր սա, և տարիներ շարունակ մասնագետները սրա մասին խոսում էին ու խոսում»,- ասում է նա:

Հովհաննիսյանը չափազանց կարևոր է համարում SpaceX ընկերության հետ համագործակցությունը. «Իլոն Մասկի հետ համագործակցությունը շատ կարևոր է, և հուսով եմ՝ շարունակական բնույթ է կրելու: Ինչպես գիտեք, Իլոն Մասկը համաշխարհային ժամանակակից տիեզերագնացության լուծումների մեջ անգերազանցելի է: Նա այս ոլորտում ունի նոր խոսք և նոր որակ՝ ավելի բարձր հորիզոններ գրավելու համար: Ինձ համար սա է շատ նշանավոր պահ»:

Դիտարկմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ մինչև 2023 թվականի վերջը Հայաստանի Հանրապետությունում կստեղծվեն արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ: Հարցադրմանը՝ մինչ այդ տիեզերալուսանկարների ստացում և արբանյակի կառավարում ՀՀ-ում չի՞ իրականացվելու, Հովհաննիսյանն ասում է՝ տեխնիկապես կարող ենք ստանալ՝ պատվիրելով, օրինակ, արտադրող կազմակերպությունից:

«Վարչապետը նկատի ունի, որ ՀՀ-ն իր արբանյակը կարող է շահագործել և օգուտ քաղել դրանից: Սա նաև շատ լավ է, քանի որ արբանյակի կառավարման դպրոց ես դու ունենում քո երկրում, որը թանկ հաճույք է: Մի բան է ուրիշին պատվիրելը, մի բան է սեփական դպրոց ունենալը և կադրեր պատրաստելը: Հուսով եմ՝ այդ կադրերի պատրաստումը նույնպես կապ կունենա Իլոն Մասկի հետ»,- ընդգծում է ռազմական փորձագետը և հավելում, որ Հայաստանում էլ կան մասնագետներ, որոնք տարիներ շարունակ տիեզերական կազմակերպությունների հետ աշխատանքային փորձ են ունեցել, սակայն չգիտի՝ նրանք այս արբանյակի հետ կարո՞ղ են աշխատել, թե՞ ոչ:

Անդրադառնալով նրան, որ ծրագրվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ մատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար՝ Արծրուն Հովհաննիսյանը նշում է՝ ՀՀ-ն կարող է նկարահանումներ անել արբանյակից և կոմերցիոն նպատակներով վաճառել նկարահանած այն կադրերը, որոնք պետք են այլ կազմակերպություններին:

Փորձագետը ևս մեկ անգամ շեշտում է՝ սա կարևոր իրադարձություն է մեր կյանքում, և պետք է ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորել. «Սա համապետական և համազգային նշանակության ձեռքբերում է, վստահ եմ՝ կծառայի մեր մարտունակության բարձրացմանը»:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian