#Լիլիա Վարդանյան

Լիլիա Վարդանյանը լսարանին հայտնի դարձավ «Աստղերի դպրոց» սիթքոմից, ապա «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալից։ Այժմ նա զբաղվածություն ունի «Լքված ամրոցի պահապանները» հեռուստասերիալում և մարմնավորում է գիշերօթիկում հայտնված Ինգայի դերը:

Tert.am Life-ի հետ զրույցում երիտասարդ դերասանուհին խոսել է իր երկրորդ մասնագիտության, նկարահանման հրապարակում առկա դժվարությունների և հետագա ծրագրերի մասին։

«19 տարեկան եմ, հիմա չեմ սովորում, քանի որ աշխատում եմ 2 տարբեր ոլորտներում, փորձում եմ համատեղել այդ աշխատանքները։ Ավարտել եմ Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջի Դերասանական բաժինը,- ասաց Լիլիան և հավելեց, որ դժվարությունների հանդիպում է։ -Միանշանակ հեշտ ոչինչ չկա, դժվարություններն ամենուր են, բայց փորձում եմ հաղթահարել դրանք և ստացվում է։ Խաղահրապարակում, բնականաբար, բարդություններ լինում են առաջին պահերին, որոնք աստիճանաբար հաղթահարվում են»։

Դերասանուհին պատմեց, որ հաճախ է մասնակցել քասթինգների, հենց այդպես  էլ հայտնվել է «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալում։  «Առաջին նախագծի ավարտից հետո, երբ ստացա «Լքված ամրոցի պահապանները» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ, մեծ պատասխանատվություն էի զգում, քանի որ անձնակազմը հավանել էր նախկին աշխատանքս։ Շատ հաճելի է, երբ սիրվում ես հեռուստադիտողի կողմից, հայտնի դառնալն էլ, միանշանակ, բոլորին հաճելի է»,- ասաց նա։

Լիլիան խոսեց նաև ավագ սերնդի հետ աշխատանքի մասին։ «Նկարահանումներն ավագ սերնդի և իմ հասակակիցների հետ անցնում են բավականին հարթ, ավագ սերնդից փորձում եմ վերցնել հարուստ դերասանական փորձը, բայց չընդօրինակել նրանց», — ասաց նա և ընդգծեց, որ նկարահանման հրապարակում խորհուրդներով իրեն հիմնականում օգնում է ռեժիսորը՝ Քրիստինե Հակոբջանյանը։

Լիլիան վստահեցրեց, որ այս ոլորտ մտնելն իր առօրյայի վրա մեծ ազդեցություն չի ունեցել։ «Առանձնապես ոչինչ չի փոխվել, բայց այժմ ինձ ավելի, քան երջանիկ եմ զգում,- ասաց Լիլիան և շեշտեց, որ հիմա ունի մեկ կարևոր նպատակ։ -Ինձ համար կարևոր է, որպեսզի թե՛ բեմում, թե՛ կյանքում ինչ բարձունքներ էլ գրավեմ, կարողանամ ծառայեցնել հայրենիքիս ու ժողովրդիս»։

Երիտասարդ դերասանուհին խոսեց նաև ծնողների և իր աշխատանքին նրանց վերաբերմունքի մասին։ «Համեստ ու սովորական ընտանիքում եմ ծնվել, վայելում եմ ծնողներիս սերը,  ուրախ եմ, որ հենց իմ ծնողների զավակն եմ: Մեր գերդաստանում իմ ոլորտին առնչվող մարդ չկա», — ասաց նա և հավելեց, որ հայրը դեռ վաղ տարիքից նկատել է իր տաղանդը և երազել աղջկան տեսնել մեծ բեմերում։

Լիլիան երկրորդ աշխատանք ունի, դեռ 16 տարեկանից դաջվածքներ է անում։ «Սկսել եմ դաջվածքներ անել, քանի որ սիրում եմ նկարչությունը։ Այս մասնագիտությունն ինձ գերեց իր բարդությամբ։ Հաճախորդների գոհունակ ժպիտից մեծագույն հաճույք եմ ստանում։ Իրականում շատ եմ սիրում այն ամենը, ինչ առնչվում է արվեստին, բայց իմ երազանքն է լինել լավ դերասանուհի»,- ասաց նա:

 

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.