#Բաբկեն Վարդանյան

«Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալից լսարանին հայտնի դարձած երիտասարդ դերասան Բաբկեն Վարդանյանն այժմ նկարահանվում է «Լքված ամրոցի պահապանները» հեռուստասերիալում։

Tert.am Life-ի հետ զրույցում 17-ամյա տղան խոսել է իր կերտած կերպարների, հայտնիության, ընտանիքի ու նպատակների մասին։

«Ես տարեկան եմ, այժմ սովորում եմ Երևանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջի Դերասանական արվեստ բաժնում, փորձում եմ համատեղել աշխատանքն ու ուսումը, հիմնականում, նկարահանումների ներկայանում եմ դասերի ավարտից հետո կամ դասախոսներից թույլտվություն եմ վերցնում դասերից բացակայելու համար,- ասաց նա և հավելեց, որ հետագա կրթության հարցում ևս չի տատանվում։ — Դերասանի մասնագիտությունն ընտրելիս չեմ տատանվել, քանի որ շատ սիրում այն»։

Դերասանի խոսքով՝ իր համար անսպասելի էր «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալից հետո նման բուռն արձագանքներ ստանալը․ «Իհարկե, ցանկություն կար լավ կերտել դերը, հանդիսատեսի համակրանքին արժանանալ, բայց չէի սպասում այդպիսի բուռն արձագանքի։ Մեծ ձգտումներ ունեմ այս ոլորտում, ցանկանում եմ հաջողությունների հասնել»։

Բաբկենը խոսեց նաև նկարահանման հրապարակում համագործակցությունների ու դժվարությունների մասին։ «Ավագ սերնդի հետ համատեղ աշխատանքն ինձ համար շատ կարևոր է, նրանք ինձ ուղղորդում են, նրբություններ սովորեցնում, ինչը շատ կարևոր է սկսնակ դերասանի համար։ Լինում են նաև դժվարություններ, առանց դրա հնարավոր չէ,- ասաց նա և ընդգծեց, որ դժվարություններ կարող են լինել անգամ տարրական հարցերում։ -Տեքստը մոռանալը նույնպես խնդրահարույց է, բայց նկարահանման հրապարակում ինձ շատ է օգնում ռեժիսորը՝ բացատրելով տվյալ տեսարանի խնդիրը»։

Անդրադառնալով հայտնիությանը՝ դերասանը նշեց, որ փողոցում շատերը սկսել են ճանաչել իրեն, դրական են խոսքեր ասում․ «Կերտածս կերպարներն իսկապես սիրվել են։ Իրական կյանքի Բաբկենը շատ նման է իր կերտած դերերին: Շատ դեպքերում կվարվեի այնպես, ինչպես իմ կերտած հերոսները»։

Խոսելով իր ընտանիքի մասին՝ Բաբկենն ասաց, որ ծնվել և մեծացել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում․ «Ապրում եմ փոքրիկ ընտանիքում։ Պապիկս վաղուց է մահացել։ Հայրս ու մայրս աշխատում են բուժհաստատությունում, տատիկս նույնպես ժամանակին աշխատել է այնտեղ, քույրերս մասնագիտությամբ բանասեր են»։

Պատանի դերասանը երազանքներ չունի, նպատակներ է սահմանում իր առջև․ «Նպատակներ եմ դնում իմ առջև, որոնց ձգտում եմ հասնել։ Չունեմ նաև երազանքի դերեր։ Շատ նպատակներ ունեմ, բայց դեռևս չէի ցանկանա խոսել այդ մասին»։

Թերեզա Հովհաննիսյան

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian