#Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը սկսել է նկարահանվել պրոդյուսեր Ելենա Արշակյանի թիմի նոր նախագծում՝ «Լքված ամրոցի պահապանները» հեռուստասերիալում։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ շատ ոգևորված է այս առաջարկով, քանի որ տևական ժամանակ չնկարահանվելուց հետո արդեն հույսը կորցրել էր։

«Բավականին երկար ժամանակ չեմ նկարահանվել։ Ելենա Արշակյանն ինձ հրավիրեց խաղալու սերիալում։ Հերոսուհիս  գյումրեցի է, որը երկրաշարժից հետո կորցնում է իր ամուսնուն, տեղափոխվում Երևան։ Իր միակ դուստրը ևս մահացել է, թոռնուհու խնամակալն ինքն է, սակայն քանի որ չի կարողանում պահել նրան, աղջկան տանում է գիշերօթիկ դպրոց։ Բարդ ճակատագրով կին է»,- պատմեց նա։

Դերասանուհին էջ է բացել Ինստագրամում,  ոգևորությամբ նկատեց, որ զգում է ժողովրդի սերը․ «Ինձ հազարներով մարդիկ են գրում։ Երբ գրել էի, որ նկարահանվելու եմ, շատ մարդիկ էին ուրախացել։ Ես զգում եմ, որ ժողովրդի սերը շատ է, դա ինձ շատ է ոգևորում»։

Նա պատմեց, որ շատ է ոգևորվել նոր առաջարկով։ «Հիմա երեսիս գույնն էլ է փոխվել։ Արդեն ինչ-որ հույսեր կա, որ լավ կլինի։ Լավ մարդիկ էլ կան։ Ես իմ առանձնակի շնորհակալությունը հայտնել եմ Ելենա Արշակյանին։ Իրենք էլ ինձ են շատ հավանում, նկարահանումից հետո ծափահարեցին, շատ եմ ոգևորվել այդ վերաբերմունքից։ Անհամբեր սպասում եմ հաջորդ նկարահանմանը։ Ամբողջ գիշերը չեմ քնել, պատկերացրել եմ՝ ինչպես եմ խաղալու, ինչ եմ անելու։ Սրտիս աշխատանքն արագացել էր։ Ես նվիրվող  եմ։ Պրոֆեսիոնալ մարդիկ այդպիսին պետք է լինեն, ոչ թե քնեն, մեկ էլ հասկանան, որ 5 րոպեից նկարահանման են»,- ասաց դերասանուհին։

Լուսինե Կիրակոսյանի խոսքով՝ մինչև այս առաջարկը ստանալն արդեն հուսալքվել էր, նույնիսկ մտածում էր Երևանի իր բնակարանը վաճառելու և հեռավոր մի տեղ գնալու մասին։ «Ես արդեն հույսս  կտրել էի, ուզում էի դուրս գալ արվեստից, տունս վաճառել, վերցնել շներ, կատուներ, հեռու մի տեղ տուն գնել, գնալ։ Կրկին նկարահանվելու փաստից շատ ուրախացա։ Ինձ համար կարևոր է, որ կարողանամ աշխատել։ Ես հիմա թատրոնում էլ դեր չունեմ։ Ես թատրոնում շատ դերեր եմ խաղացել, ժամանակին Հրաչյա Ղափլանյանն ինձ տարավ թատրոն ու Երևանում բնակարան  նվիրեց։ Բնակարանը, որտեղ հիմա ապրում եմ, նա է նվիրել»,- ասաց նա։

Դերասանուհին անկեղծացավ, որ վիրավորվում է իր հանդեպ անտարբեր վերաբերմունքից։ «Մշակույթը, արվեստը հիմա վերջին տեղում են, եթե դա տեղ կոչվի։ Բացի այդ, էստեղ շատ են մտերմությունները, ծանոթությունները։ Հեռուստացույցը միացնում ես, բոլոր ալիքներով նույն մարդիկ են՝ ամուսիններ, ծանոթներ, բարեկամներ, սիրած մարդիկ։ Դա շատ վիրավորական է։ Ես էլ եմ հոբելյաններ ունեցել, ո՛չ նախարարությունը, ո՛չ Թատերական գործիչների միությունն ինձ ոչինչ չեն տվել, բացի այն, որ ստացել եմ կոչում (նկատի ունի՝ ՀՀ Վաստակավոր արտիստի կոչումը` 2008 թվականին, հեղ.) և մի 15 տարի առաջ  «Արտավազդ» մրցանակ։ Ոչ մի ուշադրություն չեն դարձնում, չեն շնորհավորում, չեն հիշում։ Եթե մարդ իր ամբողջ կյանքը, իր անձնական երջանկությունը, առողջությունը դրել է այդ գործի վրա, բա վիրավորական չէ՞, որ անտեսվի։ Չէ՞ որ մարդուն կենդանության օրոք պետք է խրախուսես։ Ես չեմ ուզում ոսկիներ ու դղյակներ, ուզում եմ մարդկային ջերմ վերաբերմունք։ Ամեն տարի նույն մարդիկ ստանում են մեդալներ, թող մի անգամ էլ ես լինեմ նրանց մեջ, հետո ինչ, որ ես թիկունք չունեմ, քծնող չեմ, նյութականի հետևից չեմ ընկնում»,- ասաց նա, ապա հավելեց, որ շատ կուզեր սերիալներում էլ շատ կարևոր դերեր խաղալ։

Լուսինե Կիրակոսյանը կերակրում է թափառական շներին և կատուներին։ Հիմա էլ ստացած աշխատավարձը տրամադրում է այդ գործին։ «Շատ եմ գնումներ անում շների և կատուների համար, ձմռանը տաք-տաք եմ տանում ուտելիքը, որպեսզի  չմրսեն։ Սերս տալիս եմ իրենց, որովհետև երբ մարդու մեջ կա այդ սերն ու գուրգուրանքը, կարծես, պահանջ լինի դա տալու»,- ասաց նա։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian