ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ է նախաձեռնել:

«Հայկական Ժամանակի» հետ զրույցում վերջինս նշում է, որ այդ լրացումների և փոփոխությունների կարիքը առաջացել է նաև օրենսգրքում իրար հակասող նորմերը կարգավորելու համար, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքներին:

Բանն այն է, որ ներկայիս աշխատանքային օրենսգիրքը մի կողմից արգելում է խտրականությունը հաշմանդամության հիմքով, մյուս կողմից՝ սահմանում, որ աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամության կարգը որոշվելու դեպքում գործատուն կարող է լուծարել աշխատանքային պայմանագիրը: Այսինքն՝ եթե անձը աշխատելու տարիների ընթացքում է ձեռք բերում հաշմանդամությունը, և գործատուն ճանաչում է անձի հաշմանդամությունը, ապա աշխատանքային օրենսգիրքը գործատուին հնարավորություն է տալիս այդ անձին ազատել աշխատանքից: Ստացվում է, որ գործատուն, անձին ազատելով, խախտում է աշխատանքային օրենսգրքի այն հոդվածը, որը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքից ազատելուն, այսինքն՝ խտրական վերաբերմունք է ցուցաբերում:

«Հաշմանդամություն ունեցող անձին միայն հաշմանդամության պատճառով աշխատանքից ազատելը խտրականություն է: Անկախ հաշմանդամությունից՝ անձը կարող է աշխատունակ լինել: Այդ պատճառով ես առաջարկում եմ հրաժարվել հաշմանդամության ճանաչման պարագայում աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծարելու դրույթից: Այսինքն՝ եթե հաշմանդամություն ունեցող անձը կարող է աշխատել, նա պետք է շարունակի իր աշխատանքը: Օրենսգիրքը պետք է գործատուին արգելի և հնարավորություն չտա անձի հաշմանդամության պարագայում ազատել նրան աշխատանքից»,- կարծում է Բաթոյանը:

Մեկ այլ փոփոխությունով պատգամավորն առաջարկում է սահմանել, որ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո աշխատողն իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու նպատակով կարող է դիմել գործատուին՝ խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով: Խելամիտ հարմարություն նշանակում է, որ աշխատանքային վայրում գործատուն հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովի համապատասխան պայմանները, սակայն դրանք պետք է խելամիտ լինեն գնի և այլ պահանջների առումով: Այսինքն՝ հաշմանդամություն ունեցող անձը գործատուից չի կարող պահանջել այնպիսի պայմաններ, որը գործատուն չի կարող տրամադրել:

«Առաջարկում եմ նաև, որ որպես խտրականություն սահմանել աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումներ չտրամադրելը: Ինչ վերաբերում է խելամիտ հարմարեցումներին, ապա դրա տրամադրման հիմքերը սահմանված են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունիսի 4-ին: Ըստ այդ կարգավորման՝ աշխատավայրում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա կատարվում է խելամիտ հարմարեցում գործատուի հետ երկխոսության միջոցով»,- ընդգծում է Բաթոյանը:

Պատգամավորի խոսքով՝ վերջին տարիներին հաշմանդամություն ունեցող քաղաքացիների դժգոհությունը վերաբերում է գործատուի կողմից անմիջապես հաշմանդամությունը ճանաչելուց հետո իրենց աշխատանքից ազատելուն: Նոր փոփոխությունները և լրացումները կազմելիս քննարկումներ են եղել նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների հետ:

Եթե առաջարկվող փոփոխություններն ու լրացումները ընդունվեն և սահմանվեն օրենքով, ապա գործատուի՝ դրանց պահպանումը պետք է վերահսկի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

«Շատ կարևոր է նաև հասարակական կազմակերպությունների դերը, հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում իրազեկում իրականացնելը: Գործատուն պետք է հասկանա, որ, օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի վայրում համապատասխան պայմաններ ստեղծելը բխում է իր շահերից: Որակյալ աշխատողների դեպքում որևէ գործատու չի ցանկանա կորցնել նրան: Եթե աշխատելու տարիներին անձը ձեռք է բերում հաշմանդամություն, ապա գործատուն ջանքեր պետք է գործադրի՝ ստեղծելու պայմաններ, որ իր լավագույն աշխատակիցը մնա աշխատավայրում: Այս լրացումները նաև նրա համար են, որ գործատունները չդիմեն կամայականնությունների, իրենց ցանկությամբ չլինի հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքից ազատելը»,- շեշտում է Բաթոյանը:

Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագիծը քննարկվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Այն այժմ դրվել է շրջանառության մեջ:

Ի՞նչ է սահմանում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների համար ներկայիս աշխատանքային օրենսգիրքը.

Հաշմանդամություն ունեցող անձը ունի հնարավորություն ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու, սակայն այդ հնարավորությունից կարող է օգտվել համապատասխան բժշկական եզրակացության հիման վրա: Կարող է ազատվել արտաժամյա աշխատանքից, կրկին եթե համապատասխան բժշկական եզրակացությամբ դա արգելված է:

Օրենսգրքի մեկ այլ հոդվածն էլ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձին խնամողին, որը հնարավորություն է տալիս ամենամյա արձակուրդ ստանալ իր նախընտրած ժամանակահատվածում:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian