#Զառա Սահակյան

Դերասանուհի Զառա Սահակյանը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի «Զառանցանք» մոնո-ներկայացումը:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ներկայացման գաղափարի, ստեղծագործական անձնակազմի, դժվարությունների և ներկայացման առանձնահատկությունների մասին:

«Մոնո-ներկայացում անելու գաղափար միշտ ունեցել եմ, բայց համարձակությունս չի հերիքել մտքերս իրագործելու: Միշտ մտածել եմ, որ դերասանը պետք է որոշակի ճանապարհ անցնի, որպեսզի կարողանա մոնոլոգով հանդես գալ,- ասաց դերասանուհին և շեշտեց, որ մոնոլոգով հանդես գալու գաղափարը ծնվել է թատրոն ոտք դնելուց հետո: -«Կին կոդ» ներկայացումից հետո սկսեցի մտածել այդ ուղղությամբ։ Երբ ծանոթացա ռեժիսոր Սեդրակ Գոմաջանյանի և պիեսի հեղինակ Արմեն Վարդանյանի հետ ու կիսվեցի իմ ստեղծագործական մտքերով, որոնք տևական ժամանակ է՝ եփում էին իմ մեջ, նրանք էլ ինձ քաջալերեցին սկսելու այս գործը»:

Դերասանուհին շեշտեց, որ չնայած հանդես է գալիս մոնոլոգով, ներկայացման հետևում ստեղծագործական «պինդ» անձնակազմ է:

«Սցենարի վրա աշխատել ենք Արմեն Վարդանյանի հետ, երկար ճանապարհ անցանք ու գտանք հստակ գիծ՝ որոշելով մի ներկայացման մեջ ամփոփել կերպարներ, որոնք ես մարմնավորել եմ դերասանական իմ կարիերայի ընթացքում: Նոր գույն ենք տվել կերպարներին ու ներկայացրել դրամատուրգիական ոճով, իսկ ռեժիսորական հատվածում ինձ օգնել է Սեդրակ Գոջամանյանը»,- ասաց նա:

Դերասանուհին նաև ընդգծեց, որ ներկայացման այցեքարտերից մեկը հագուստի փոփոխությունն է, քանի որ մի քանի վայրկյանների ընթացքում պետք է կերպարային կտրուկ փոփոխություն լինի:

«Հագուստների հարցում ինձ համար անփոխարինելի է Արայիկ Գաբաջյանը, որի հետ մոտ 4 տարի է՝ աշխատում ենք, ու նա ստեղծել է 15 տարբեր կերպարներ այս ներկայացման համար: Ներկայացման մեջ ունենալու ենք մի քանի բաժիններով երաժշտական հատվածներ, որոնց ընթացքում 15 զգեստ եմ փոխելու, իսկ դրա համար ինձ հատկացված է 8 վայրկյան»,- պատմեց դերասանուհին:

Ներկայացումը լինելու է տրագիկոմեդիա ժանրում, սակայն, ըստ Զառայի, շեշտն ավելի շատ դրված է հումորի վրա: «Շենքում ապրում են 4 հարևանուհիներ, ունեն ներքին կոնֆլիկտներ ու խիստ տարբեր կերպարներ են։ Բոլորին ես եմ մարմնավորելու,- ասաց դերասանուհին և խոսեց ներկայացման դժվարությունների մասին: -Շատ ավելի հեշտ է լինում բեմում խաղալ, երբ քեզ հետ կա զուգընկեր, թիմային աշխատանքն ավելի հեշտ է, քանի որ ներքին վստահություն կա, որ անգամ ֆորսմաժորային իրավիճակների դեպքում զուգընկերդ կարող է աջակցել, իսկ մոնո-ներկայացման պարագայում բեմում միայն դու ես»:

Դժվարությունների մասին խոսելիս դերասանուհին նաև շեշտեց, որ նմանօրինակ պատասխանատու որոշումների հարցում այդքան էլ համարձակ չէ:

«Խիստ տարբերություն կա իմ և մարմնավորածս կերպարների բնավորությունների միջև, քանի որ բեմում ես համարձակ եմ, վառ, իսկ իրականում ես շատ վախեր ունեմ, ավելի տնային մարդ եմ տեսակով ու նման որոշումները ինձ շատ դժվար են տրվում»,- ասաց նա:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.