#Որդեկորույս ծնողները՝ իրենց հասցեին հնչող քննադատությունների մասին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ մարտի 26-ին կազմակերպած միջոցառումը, որը նվիրված էր կանանց մեկամսյակին, և որին ներկա էին եղել բոլոր ժամանակների Արցախյան պատերազմում անմահացած տղաների մայրեր, կանայք, քույրեր, տատիկներ, մի քանի օր է՝ շահարկումների տեղիք է տվել: Որոշ շրջանակներ, ոտնահարելով բոլոր մարդկային և բարոյական արժեքները, պիտակավորում են որդի կորցրած կանանց, արժանացնում վիրավորական քննադատությունների:

Արևիկ Միքայելյանը, որը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կորցրել է իր երկու զավակներին, նույնպես ներկա է գտնվել միջոցառմանը: Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառմանը մասնակցելուց հետո ինքը ևս քննադատությունների թիրախում է: Ստանում է անձնական նամակներ, որտեղ իրեն կշտամբում կամ վիրավորում են:

«Ովքեր ինձ գրում և մեղադրում են, առաջին հերթին իրենք չեն հարգում մեզ: Միջոցառումն ուշադրություն էր մեր հանդեպ: Տիկինը ցանկանում էր ուղղակի մեր վիշտը կիսել մեզ հետ, բայց չհասկացանք, թե ինչո՞ւ քննադատվեցինք, ինչո՞ւ մոռացան մեր երեխեքին»,- ասաց որդեկորույս մայրը:

Երկու որդիներին կորցրած մոր խոսքերով՝ միջոցառման նպատակն այն է եղել, որ զավակ կորցրածները զգան՝ իրենք միայնակ չեն: Նա նաև նշեց՝ միջոցառմանը ոչ մի պահ ծնողները չեն մոռացել իրենց որդիներին:

«Ես իմ երկու տղաներին եմ կորցրել, բայց այսքան չեմ չարացել, ինչպես այդ մեկնաբանություններ գրող անձինք: Ո՛չ նվեր ենք ստացել, ո՛չ գումար: Միայն ինձ են ծաղկեփունջ նվիրել՝ որպես հղի կնոջ: Բոլոր սևազգեստ մայրերը լալիս էին միջոցառման ընթացքում: Մեր տղաներին էինք հիշում, պատմում իրենց մասին: Մեր ցավն ենք փորձել կիսել: Իսկ այսօր լսում ենք, թե մեր երեխաներին փոխել ենք ինչ-որ միջոցառման համար: Որդի կորցնողները չչարացան, բայց մարդիկ շատ չարացան»,- հուզված ասում է տղաներին կորցրած մայրը:

Տիկին Արևիկի խոսքով՝ մարդիկ գոնե մեծարեն իրենց զավակներին, խոսեն նրանց հերոսությունների ու սխրանքների մասին, անհիմն քննադատում ու վարկաբեկում են նրանց ծնողներին:

«Մեր տղաների մահից հետո ոչ ոք մեր դուռը չի բացել, չի հարցրել՝ մնացել եք միայնակ, տիկին Արևիկ, ձեր տան ճրագները մարել են, ո՞նց ենք լույս գտնում: Ոչ ոք այդ քննադատողներից ինձ կամ մյուսներին չեն այցելել: Մեր սեղանին նստած 12 ծնողներով չկարողացանք անգամ մի կտոր հաց ուտել, մեզ համար շատ դժվար է առանց մեր տղաների: Իրենք չեն պատկերացնում մեր ցավը: Ո՞նց կարող ես զավակ կորցրած մորն ասել՝ որդուդ մոռացել ես»:

Միջոցառման ընթացքում մայրերը նաև չեն պարել, ասում է մայրը, իսկ լուսանկարներում երևացող կանայք, որոնք պարում են, կազմակերպիչներն են:

Իր և մյուս որդեկորույս ծնողների հասցեին միջոցառմանը մասնակցելուց հետո քննադատություններ ու կշտամբանքներ է լսում նաև որդեկորույս Գալինա Բաբայանը: Մեզ հետ զրույցում նա նշեց՝ ցավալի է նման քննադատություններ լսելը: Մեկ տարի աշխարհից նեղացած մայրերը հավաքվել էին՝ մի փոքր թեթևացնելու իրենց ցավը՝ չմտածելով անգամ, որ կարող են նման քննադատությունների արժանանալ:

«Մեղադրում են մեզ, ասում են՝ մոռացել եք ձեր երեխաներին: Շատ է ցավ պատճառում հատկապես այն, որ նման խոսքերը հերոսի մայրեր էլ են գրում: Ես ոչ մի ուրախության չեմ մասնակցել այս մեկ տարվա ընթացքում, բայց այդ երկու ժամը ինձ սփոփեց, որ ես միայնակ չեմ իմ ցավով: Քննադատողները չեն էլ պատկերացնում, թե ինչ սթրեսի ու ցավի միջով ենք մենք անցել մեր զավակներին կորցնելուց հետո»,- ասաց նա:

Որդեկորույս մայրը շեշտեց՝ միջոցառման միակ նպատակը այն էր, որ իրենք հասկանան՝ կյանքը շարունակվում է, ու պետք է ապրել, որպեսզի իրենց հետ ապրի նաև իրենց երեխաների հիշատակը. «Ոչ մի ծնող իր երեխային երբեք չի մոռանա ու չի կարող պարել նրան կորցնելուց հետո»:

Միջոցառմանը մասնակցել էր նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը նույնպես քննադատությունների ու վիրավորանքների թիրախում էր հայտնվել: Երգչուհին իր զայրույթն արտահայտել էր՝ գրառում անելով ֆեյսբուքյան էջում:

«Իրենց ուրախությունը նաև մեր ուրախությունն է: Ամեն մարդ այս պատմության մեջ գտավ ինքնահաստատվելու իր տարբերակը: Ես երգել եմ մեր Հերոսներին նվիրված շատ միջոցառումների, որոնց մասին չեմ լուսաբանել՝ ավելորդ PR չանելու համար, և մշտապես պատրաստ եմ երգել մեր նահատակված Հերոսների միջոցառումներին»,- շեշտել էր Սիլվա Հակոբյանը:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian