#ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆ

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է դերասանուհի ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆԸորը հայտնի է Պաուզա Անո անվամբ:

– Ինչո՞ւ Պաուզա Անո:

– Նայիր` ինչ լավն եմ: Ինձ, ով տեսնի, պաուզայի մեջ կընկնի:

– Ինչո՞ւ այսօր Ձեզ չենք տեսնում հումորային հաղորդումներում:

– Չգիտեմ ինչու, բայց որ շատ հումորային պրոյեկտներ կան, դա ակնհայտ է: Միգուցե ջահելները մտածում են` ես ծեր եմ իրենց կողքին:

– Հումորային հաղորդումների մեջ տարիքային սահմանափակում չի լինում:

– Ես գիտեմ, բայց չգիտեմ` ինչի չեն հրավիրում: Ժողովրդի կողմից պահանջարկը կա: Փողոցում կանգնեցնում են, հարցնում, թե ինչո՞ւ չկամ:

– Այսօրվա հումորային հաղորդումների մասին ի՞նչ կարծիք ունեք:

– Ճիշտ է, «զիբիլ» էլ կա, բայց լավ տաղանդավոր ջահելներ էլ կան…

– ԿԳՄՍ նախարարության մասին ի՞նչ կարծիք ունեք:

– Նախարարությունների անուն մի տուր: Հիմա նախարարություններ չկան: Նախօրոք ասեմ, որ եկեք քաղաքականությունից ու կառավարությունից չխոսանք, որովհետեւ մենք չունենք կառավարություն: Ո՛չ առողջապահության նախարար ունենք, ո՛չ` մշակույթի նախարար: Եթե Մշակույթի նախարարությունը լավը լիներ, մեր դերասաններն էլ այս օրի չէին լինի: Առողջապահության նախարար էլ չկա: Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, դեղերը պոլիկլինիկայից պետք է ստանամ: Կա՛մ այդ դեղերը փոխարինողներն են, կա՛մ էլ ընդհանրապես չկան: Պոլիկլինիկան մեղավոր չի, եթե այդ դեղերը ունենան, կտան հիվանդներին: Եթե կա երկրում հաշվառված հաշմանդամներ, ուրեմն պետք է այդ դեղերը լինեն: Մենք մեր քսանութ հազար դրամով ի վիճակի չենք գնելու այդ դեղերը:

– Մշակույթի գործիչներին հիշում են քաղաքական պայքարի ժամանակեւ հենց ամեն ինչ ավարտվում էնրանց մոռանում են:

– Այո, դրա համար էլ նրանցից չեմ ուզում խոսել, որովհետեւ այսօր չկա կառավարություն: Ես այսօրվա կառավարությանը չեմ ընդունում: Դրա համար էլ երեւի չկամ ասպարեզում:

– Ինչպե՞ս է ապրում այսօր դերասանուհի Նարինե Ոսկանյանը:

– Շատ ցավոտ հարց տվեցիք: Երբեք չեմ սիրել բարձրաձայնել, թե ոնց եմ ապրում, որովհետեւ աշխատանք եմ ունեցել, լավից վատից ապրել եմ: Բայց այսօր ես շատ վատ եմ ապրում: Ապրում եմ հանդիսատեսիս ուղարկած փողով, որի համար շնորհակալ եմ նրանցից: Ես, իհարկե, նաեւ ունեմ բարեկամներ, քույրեր, որոնք սարի նման մեջքիս կանգնած են: Սրտիս վիրահատման համար շնորհակալ եմ հովանավորներին` Ռուբեն Հայրապետյանին ու Թերմենջյան եղբայրներին: Եվ շնորհակալություն իմ հանդիսատեսին, որ մեջքիս կանգնած է: Առ այսօր ես ապրում եմ իմ հանդիսատեսի ուղարկած փողով, ընկերներիս օգնությամբ եւ պետության կողմից քսանութ, թե երեսուն հազար դրամ թոշակ եմ ստանում, որպես երկրորդ կարգի հաշմանդամ:

– Իսկ երկրորդ կարգի հաշմանդամը կարո՞ղ է երեսուն հազար դրամ թոշակով ապրել:

– Ես պարտադիր ամեն ամիս վաթսուն հազար դրամի դեղ եմ առնում: Չհաշված` մայրիկիս դեղերը: Այնպես որ, ապրում եմ ծայրահեղ վատ: Ես իմ մասին այդքան չեմ մտածում: Ամբողջ կյանքս մայրիկիս համար եմ ապրել: Եթե պետք լինի, ես եկեղեցու պատի տակ էլ կնստեմ, փող կմուրամ, որ մայրիկիս պահեմ:

– Կպատմե՞ք հետաքրքիր դեպք Ձեր կյանքից:

– «Փախած հարսանիք» ֆիլմում ես եմ խաղում գլխավոր դերը եւ Առաքելյանը Սամվելը: Սամվելը իմ կես չափին է: Ֆիլմում ստիպողաբար պսակվում եմ Սամվելի հետ: Մի անգամ Գյումրիում մի կին ինձ կանգնեցրեց ու ասաց. «Չամաչեցի՞ր, այդ խեղճ տղուն խաբեցիր, ծոցդ կոխիր»: Ես էլ մտածում եմ` Աստված ջան, այս պահին իմ ծոցը մարդ չկա, այս կինն ի՞նչ է ասում: Հետո խոսակցությունից պարզվեց, որ Սամվելի մասին էր խոսքը: «Փախած հարսանիքի» մասին էր խոսում: Մի պատմություն էլ հիշեցի: Ուրեմն` չեմ հիշում Հոկտեմբերյանի որ գյուղում համերգի էինք: Ցուրտ էր, մոտս գրիպոզ վիճակ էր: Մտանք բուֆետ: Մի մարդ, որը երեւի բուֆետի տերն էր, եկել կպել էր գլուխս.«Վայ, Շուշան Պետրոսյան ջան, մենք Ձեզ շատ ենք սիրում»: Ասում եմ` լավ է, որ սիրում եք, բայց ես Շուշանը չեմ: Մեկ էլ այնտեղից կինը մտավ, սա էլ ինձ արդեն Ալվարդ Պետրոսյանի տեղը դրեց, հարցնում է.«Ազգային ժողովում ի՞նչ կա»: Ու մինչեւ վերջ այդ մարդկանց չկարողացանք բացատրել, որ ես ո՛չ Ալվարդն եմ, ո՛չ էլ` Շուշանը: Մարդու համար մնացի Շուշան, կնոջ համար` Ալվարդ:

– Ի՞նչ հաղորդումներում չէիք նկարահանվի:

– Էրոտիկ…

– Ինչո՞ւդերասանն ամեն դեր էլ պետք է խաղա:

– Դերասանն ամեն ինչ էլ պետք է խաղա:

– Բայց ասում եք` չեք նկարահանվիինչո՞ւ:

– Ես ժողովրդի մասին եմ մտածում: Պատկերացրու, ինձ հանված՝ մի բուռ հայ են մնացել: Նրանք էլ շաքար ստանան գնա՞ն: Թող ապրեն այդ մարդիկ:

– Մի՞շտ եք այդպես հումորով նայում կյանքին:

– Եթե հումորով չնայեմ կյանքին, կգժվեմ: Դրա համար շատերը գիտեն` ես անդարդ, ամեն ինչս տեղը-տեղին  ապրում եմ: Լավ է, թող այդպես մտածեն: Հումորս կորցրել էի պատերազմի ժամանակ: Բանը հասավ նրան, որ ես հոգեբույժի մոտ գնացի: Խախտվել էի, գիշերները չէի կարողանում քնել: Երազիս մեջ կիսաքուն-կիսարթուն ինչ-որ զինվորների գլուխ, ոտք կտանեի թեւիս տակ: Հատկապես քրոջս տղայի զոհվելուց հետո, անընդհատ Եռաբլուրն էի երազում տեսնում: Պատերազմը շատ ծանր տարա, որովհետեւ երեխա չունեմ եւ մտածում եմ, որ բոլոր հայ երեխաները իմն են: Երբ մարդիկ ժպտում էին, ասում էի` ծո՛, տեսնես սրանք տեսնո՞ւմ են, թե ինչ է կատարվում: Ինձ ասում էին խելքի արի, քեզ կորցրել ես: Մեր դիմացի շենքում Նոր տարում տոնածառ էին դրել, ուզում էի գնալ այդ մարդկանց տոնածառը ջարդել, էլ չէի մտածում, որ կարող է երեխա ունի, այդ երեխան չի հասկանում, դրել են: Բայց պատերազմից հետո կամաց-կամաց բոլորս վերականգնվեցինք, բայց սպիները մնում են: Ես մինչեւ հիմա հոգեբույժի նշանակած դեղերը խմում եմ: Դրանք հոգեմետ դեղեր չեն, բայց հանգստացնող դեղեր են:

– Եվ վերջումի՞նչ կմաղթեք հայ ազգին:

– Հայ ազգին մաղթում եմ խաղաղություն, առողջություն, մի քիչ էլ բարություն: Հիմա մարդիկ այնքան են չարացել: Չկամեցող են: Կարող են թափել, բայց ուրիշին, որ պետք է, չտան: Եթե ես մի բան եփում եմ, հարեւաններիս բաժանում եմ: Այս աշխարհում պետք է մի քիչ էլ ուրիշի մասին մտածես: Չպետք է նախանձես լավ ապրողին: Դու այսպես ես ապրում, այն մարդու բախտն էլ բերել է, լավ է ապրում: Հիմա որ նախանձեցիր, ներվայնացար, ի՞նչ պետք է շահես: Առաջին հերթին թող խաղաղություն լինի, եւ էլ երեխեք չկորցնենք: Ճիշտն ասած, որ ինձ հրավիրեցիք, ասացի` մեղայ Աստծո, «Իրավունքն» ի՞նչ կապ ունի արվեստի հետ:

– Մենք ունենք մշակութային բաժինոր անդրադառնում ենք մշակույթի գործիչներին:

– Ես չգիտեի եւ շատ շնորհակալ եմ, որ անդրադարձաք: Հա, մի բան մոռացա ասեմ, սպասեք ժողովուրդ ջան: Ամիսուկես, երկու ամիս սպասեք ու կտեսնեք ինձ…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.