#Անի Լուպե

Դերասանուհի և երգչուհի Անի Լուպեն «Ազիզյաններ» սիթքոմի ավարտից հետո տևական ժամանակ է՝ չի նկարահանվում հեռուստանախագծերում: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է այս շրջանի գործունեության, երազանքների կերպարը մարմնավորելու, ոտքի վնասվածքի և անձնական կյանքի մասին:

«Այս պահին միայն թատրոնում եմ խաղում: Նոր ներկայացումների մեկնարկի փուլում ենք, զբաղվածությունս այնքան շատ է, որ չեմ հասցնում հեռուստատեսային նախագծերում նկարահանվել»,- ասաց դերասանուհին և հավելեց, որ խաղում է թատրոնի ընթացիկ ներկայացումներում:

«Ինձ համար շատ թանկ է «Սիրո խոստովանություն» ներկայացումը, որտեղ ասելիքը շատ խորն է: Այն ինձ շատ հոգեհարազատ է, քանի որ իմ մայրաքաղաքի մասին է: Ինձ համար քաղաքին սեր խոստովանելն ավելի գեղեցիկ է, քան մարդուն, հատկապես, եթե դա արվում է սրտանց ու զգացմունքային,- ասաց նա և շեշտեց, որ Կամերային թատրոնն այլ միջավայր է իր համար: -Թատրոնն իր գործունեությամբ լիովին բավարարում է ինձ, քանի որ ներկայացումներում ունենք երաժշտական հատվածներ, կատակերգություն, դրամա»:

Դերասանուհու խոսքով՝ թատրոնում կերտած կերպարներով բացահայտում է ինքն իրեն: «Դրանք ինձ համար կերպարներ չեն, քանի բեմում ես եմ, իմ մոտեցումները, որտեղ ամեն անգամ ինձ հնարավորություն է տրվում նորովի բացահայտելու անձս: Հաճախ ինձ մոտ արթնանում են քնած զգացողություններ, բնավորության գծեր, որոնք դուրս են գալիս բեմում»,- ասաց Անին, ապա խոսեց իր երազանքների կերպարի մասին:

«Իմ գիտակցական կյանքի ընթացքում երազել եմ Մարիա Մագդալենայի կերպարը մարմնավորելու մասին, բայց մեզ մոտ դեռևս չկա այդ ներկայացումը կամ ֆիլմը: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք և պետք է ունենանք նման ֆիլմեր։ Ինձ հոգեհարազատ է Մարիա Մագդալենայի հոգատարությունը, հավատը, սերը ու մոտեցումները սիրո նկատմամբ, երազում եմ մարմնավորել նրա կերպարը: Ես կուզեի մեզ մոտ նկարահանվել այդ կերպարում ու հենց հայկական մոտեցումներով,- ասաց նա և նկատեց, որ նման ֆիլմերի կամ ներկայացումների բացակայությունը գուցե պայմանավորված է ֆինանսական հարցերով:

Դերասանուհին խոսեց նաև արտաքին փոփոխություններ չանելու մասին և նշեց, որ իր գործունեությունից ի վեր հանդես է եկել այս կերպարով: «Ես պատրաստակամ եմ կերպարի կամ դերի համար փոփոխություններ կատարել, քանի որ պաշտում եմ մասնագիտությունս, բայց դեռևս նման պահանջ չի եղել։ Իսկ առօրյայում ես ինձ հարմարավետ եմ զգում հենց այս սանրվածքով ու արտաքինով։ Բավականին ինքնաբավ եմ»,- ասաց նա:

Դերասանությամբ զբաղվելուց զատ Անի Լուպեն նաև երգում է, բայց դեռևս հանդես չի գալիս որպես անհատ երգչուհի: «Սիրում եմ բրազիլական, լատինոամերիկյան ոճեր, բայց նման երգերի պահանջարկ կարծում եմ, որ չկա: Շատ ծախսատար է իրականում ու հասկանում եմ, որ գուցե համապատասխան արձագանք չստանամ»,- ասաց Անին:

Արվեստի ոլորտից դուրս դերասանուհին զբաղվում է նաև սպորտով։ Նրա խոսքով՝  եթե չունենար առողջական խնդիրներ, կզբաղվեր պրոֆեսիոնալ սպորտով:

«Սպորտ շատ եմ սիրում ու երազում եմ մեծ սպորտ մտնելու մասին, բայց ոտքի վնասվածք ունեմ, որն ինձ նման բան թույլ չի տա,- ասաց նա և հավելեց, որ 2018 թվականի անզգուշության հետևանքով վնասել է ոտքը, վիրահատության ենթարկվել։ -Հիմա համեմատաբար լավ եմ, բայց շատ զգուշավոր եմ դարձել: Շատ ծանրաբեռնվածության դեպքում ցավեր եմ ունենում»:

Անին նաև խոսեց անձնական կյանքի և սոցիալական ցանցերում դա հանրայնացնելու մասին: «Ես շատ եմ սիրում սիրել, շատ եմ խոսում կամ գրում սիրո մասին, բայց հիմա սիրտս ազատ է, ընկեր չունեմ։ Չեմ թաքցնում անձնական կարգավիճակս, բայց կան բաներ, որոնք անձնական են և չեմ հրապարակում»,- ասաց նա:

Թերեզա Հովհաննիսյան

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.