#Ռոմելա Սարգսյան

«Արմենիա TV»–ի եթերում մեկնարկել է «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալը, որի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է երիտասարդ դերասանուհի Ռոմելա Սարգսյանը։ Վերջինս իր առաջին քայլերն արել է ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանի մոտ՝ «Ախթամար» հեռուստասերիալում և 2 տարվա ընթացքում երրորդ գլխավոր դերն է ստանում։

Tert.am Life–ը Ռոմելայի հետ խոսել է նոր կերպարի և աշխատանքային հաջողության մասին։

Ռոմելան վերհիշեց, որ ժամանակին իր համար անսպասելի էր այսպիսի հաջողությունը։ «Երբ մասնակցում էի «Ախթամարի» քասթինգին, չէի էլ հավատում, որ կանցնեմ այն։ Ես այլ դերի համար էի գնացել քասթինգի, սակայն հանգամանքների բերումով այնպես ստացվեց, որ հենց հերոսուհուն մարմնավորեցի։ Ես երազել եմ, որ այդպես լինի։ Հասկացա, որ երազանքները կատարվում են»,– ասաց նա ու հավելեց, որ ամեն դեպքում, եթե իրեն առաջարկեն կերպար, որն իրեն դուր կգա, բայց գլխավոր չի լինի, կմարմնավորի այն։

«Իհարկե, կարևորում եմ և շատ ուրախ եմ գլխավոր դեր խաղալու առթիվ, բայց ինձ համար ավելի կարևոր է, որ կերպարն ինձ դուր գա, կարողանամ ճիշտ մարմնավորել այն»,– ասաց նա։

Ռոմելան նկատեց, որ ամեն անգամ պատասխանատվությունն ավելի է մեծանում հեռուստադիտողների առաջ․ «Կարևոր չէ՝ ես հետագայում կնկարահանվե՞մ, թե՞ ոչ, միևնույն է, դա պարտավորեցնող է ինձ համար։ Փորձում եմ աշխատել ինձ  վրա, որպեսզի չձանձրացնեմ հեռուստադիտողներին, ունենամ նրանց սերը։ Մեր ոլորտում լավագույնը  հանդիսատեսի, հեռուստադիտողների սերն է, որովհետև ի վերջո մենք աշխատում ենք նրանց համար»։

Դերասանուհին միշտ ներկայացել է բարի հերոսուհիների դերերով, սակայն հաճույքով կխաղա նաև բացասական կերպար․ «Ռեժիսորներն ու պրոդյուսերներն ինձ ավելի մոտ են համարում նման կերպարների, բայց ամեն ինչ առջևում է։ Ինձ համար որպես  դերասանուհի հետաքրքրիր կլինի խաղալ նաև բացասական դեր, որովհետև դու ծանոթանում ես մարդու մեկ այլ տեսակի հետ, մտնում մեկ այլ ներաշխարհ։ Կարծում եմ՝ դերասանի համար տարբերություն չկա կերպարը բացասակա՞ն կլինի, թե՞ դրական կարևորն այն ճիշտ մատուցելն է»։

Անդրադառնալով «Ամեն տարի գարնանը» նախագծում իր հերոսուհուն՝ Ռոմելան ասաց, որ այն իրեն շատ մոտ է, քանի որ ժամանակին իր ընտանիքն էլ կանգնել է արտագաղթի առաջ։

«Հերոսուհիս շատ  մարդասեր է, ոչ մի դեպքում չի հուսահատվում։ Թեև պատմության տուժածն է՝ համբերատար ու սիրով լցված սպասում է։ Այս կերպարը մինչև այս խաղացածներիցս ամենամոտն է ինձ, քանի որ իր հոգեվիճակն ինձ ծանոթ էր․ իմ ծնողները նույնպես արտագաղթել են։ Որոշ ժամանակ մենք մենակ ենք ապրել, էմոցիաներն ինձ ավելի հարազատ են,– պատմեց նա ու հավելեց, որ  սա տևել է 3-4 տարի, բայց ընդհատումներով։ –Ես այնքան փոքր չեմ եղել, որքան հերոսուհիս, բայց ամեն դեպքում փոքր էի։ Իհարկե, դա ինձ վրա բացասական է ազդել, որովհետև կարևոր չէ՝ ովքեր են կողքիդ՝ տատիկ, պապիկ, հորաքույր, հորեղբայր, միևնույն է, ծնողների բացակայությունը մեծ հետք է թողնում»։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.