#Պայթյուն Երևանում. ուղիղ միացում

Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար, խոշոր հրդեհ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Արտաշիսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 44/4 շենքի դիմաց տեղադրված գազախողովակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով գազախողովակը կոտրվել է, ինչի պատճառով էլ ուժեղ հրդեհ է բռնկվել։ Կրակը տեսանելի էր անգամ 1 կիլոմետրից։ Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ մեծ թվով հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ։ Երթևեկությունը նշված հատվածում պարեկների կողմից ժամանակավորապես դադարեցվել է։ Կրակի հետևանքով շենքի 30-ից ավելի բնակարանների պատշգամբներ, լուսամուտներ վնասվել են։  Հրշեջները կրակը մարելուց հետո Opel-ի մեջ հայտնաբերել են մոխրացած դի։  Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր։  Դեպքի վայրում պարեկները, փրկարարները, բժիշկները քաղաքացիների օգնությամբ 70-ից ավելի բնակիչների տարհանել են, տեղում օգնություն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի մեծ թվով աշխատակիցներ, տեղում է նաև Երևանի ԳԳՄ-ի գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանը։  Այս պահին Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ սահմանազատել են տարածքը։  Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ բժիշկները մեծ թվով քաղաքացիների տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի կարգադրությամբ ժամանում են մեծ թվով քննիչներ, իսկ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ ոստիկանության փորձաքրեագետները։ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կարգադրությամբ էլ ժամանում են ԱԻՆ-ի հատուկ տեսչության աշխատակիցները։  Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ։  Տեղում են նաև ԱԻն ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանն ու Երևանի փրկարար վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։  Դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել նաև 1 հրշեջ։  Դեպքի վայր է ժամանել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ում հանձնարարականով թաղապետարանի աշխատակիցները տուժած բնակարանների բնակիչների հետ ճշտում են վնասի չափերը։  Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը։ Վթարը վերականգնելու ուղղությամբ ժամանակավորապես մի քանի թաղամասերի, այդ թվում՝ բարձրահարկ շենքերի ու սեփական տների, գազամատակարարումը դադարեցվել է։ «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատողներն էլ, արդեն չսպասելով լույսը բացվելուն, սկսել են աշխատանքներ։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian