#Նաիրա Զոհրաբյան


2021 թվականն այլևս անցյալում է՝ հայերիս համար ծանր, բարդ իրադարձություններով, հուսահատություններով ու անորոշություններով տարին։ 168.am-ը հյուրընկալվել է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանին։

Զրուցել ենք ամենատարբեր թեմաներից՝ քաղաքականությունից մինչև սոցիալական ցանցեր, տարվա խորհրդանիշներից մինչև Ամանոր ու Ձմեռ պապ։

– Տիկին Զոհրաբյան, 2021-ն այլևս անցյալում է, կխնդրեմ համառոտ ամփոփել նախորդ տարին։

–  Երևի թե մեր պատմության ամենադաժան տարիներն էին 2020 և 2021 թվականները։ 2020-ը դա պատերազմն էր, որը տարավ Արցախը, տարավ 5000 պայծառ մեր տղաներին, իսկ 2021-ը դա այլևս Հայաստանի պետականությունը վտանգող տարի էր, և եթե 2022-ին մենք բոլորս ոչինչ չանելու, ամեն մեկս ինչ-որ պատճառաբանություններ բռնելու, որ՝ դե ես ռեսուրս չունեմ, հնարավորություն չունեմ, չեմ կարող, իմ ուժերից վեր է, արեցինք, փորձեցի՝ չստացվեց, ասեցինք, բայց ես շատ դաժան բան եմ ասում՝ մենք կանգնած ենք մեր պետականության կորստի շեմին։ Հասարակ բառ կա, եթե խելքներս գլուխներս չհավաքենք, ապա կարող ենք լինել ականատեսը և ժամանակակիցը Հայաստանի պետականության կորստի, Հայաստանը թուրքի համար «պրոխոդնոյ դվոռ» դառնալու հոբելյանական տարուն․․․

Դեկտեմբերի 31-ին, երբ իմ ընկերներն ասացին՝ գնանք Եռաբլուր, ես վեր կացա մի պահ, բայց հետո հասկացա, որ չէ, ես չեմ կարող, ես չեմ կարող հերթական պրոտոկոլային այցը լինեմ, և այդ լալահառաչ բառերը՝ «կներեք մեզ, տղաներ», ինձ ուղղակի զզվեցրել է, ոչինչ չանելու փոխարեն՝ այդ Էմոցիոնալ ստատուսները, երբ ամսի 31-ին բոլորն իրենց էջերում դրեցին՝ «կներեք մեզ, տղերք», չէ՛, կներեք մեզ տղերքով չի՛, գործ անելով է։ Այսօր գերության մեջ քանի՞ տղաներ ունենք, կներեք մեզ տղերքով հարցը լուծեցի՞նք։

– Տիկին Զոհրաբյան, Հայաստանում դժվա՞ր է լինել կին քաղաքական գործիչ, հատկապես այսպիսի պայմաններում, երբ որևէ քննադատող միտք սոցցանցերում, ու հատկապես ֆեյքերի կողմից, ենթարկվում է հարձակումների… այս համատեքստում ասեք խնդրում եմ՝ ինչի՞ միջով եք անցել։

–  Ես չեմ ուզում մրցել, թե ում են ամենաշատը հայհոյել, բայց կարող եմ ասել, որ ֆեյք ինդուստրիան Նիկոլ Փաշինյանի իշխանությունն առաջինն ինձ վրա փորձարկեց՝ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ․․․ Այդպես թիրախավորել կնոջը, ամենազարհուրելի ստերով, անձնական վիրավորանքներով, ամբողջ ֆեյք աղբը Նիկոլը բաց թողեց ինձ վրա, բայց այնպես չէր, որ միայն ֆեյքեր էին, կային մարդիկ, կի՛ն, որը հիմա վեր ընկած է Ազգային ժողովում, որը աշխատեցնում էր ամենազարհուրելի ֆեյքերը, խոսքը Արփի Դավոյանի մասին է։ Ես հասնելու եմ արդարադատության, ես իրեն դատի եմ տվել․․․ Գալու է այն օրը, երբ մենք ունենալու ենք ադեկվատ իշխանություն, և թե՛ այդ կինը, թե՛ Ազգային ժողովում վեր ընկած որոշ տղամարդիկ և ոչ Ազգային ժողովում վեր ընկածները, անպայման դատվելու են։ Ես իրենց տեսնելու եմ Աբովյան քրեակատարողական հիմնարկում, և դա պարզապես բառեր չեն, դա գործընթաց է, որն անպայման լինելու է։

– Անցնող 2021 թվականը Ձեզ համար ինչո՞վ էր ամենածանրը և ամենաուրախալին, կա՞ ինչ-որ դրական բան, որ տեղի է ունեցել, թե որպես քաղաքական գործիչ եմ հարցնում, թե որպես քաղաքացի։

–  Ցավոք սրտի, դրական որևէ բան ես չեմ կարող արձանագրել, չկա՛ր, ի՞նչ դրական բան։ Ամենածանրն այն էր, որ մենք պատերազմից հետո չկարողացանք մեր մեջքն ուղղել, չկարողացանք դառնալ պետություն, որն ունի արժանապատվություն, չկարողացանք դառնալ պետություն, որի հետ հաշվի նստեն։ Հայաստանն այսօր սուբյեկտայնությունը կորցրած մի դետալի է վերածվել, որբի գլխի է վերածվել, որի վրա գերտերություններն ամեն մեկն իր քարտեզն է գծում․․․ Ցավոք սրտի, 2021 թվականը ևս Հայաստանի համար կորսված տարի էր, մենք մոտեցել ենք դեֆոլտին, այն գծին, որը կոչվում է՝ точка невозврата։

– Նշե՞լ եք Ամանորը, ինչպե՞ս, որտե՞ղ։

–  Մենք սիրում ենք ծով և սովորաբար մինչև քովիդը և պատերազմը աշխատում էինք լինել Եգիպտոսում կամ Արաբական Էմիրություններում, բայց այս քանի տարին տանն ենք։ Մենք տանը ծանր սնունդ չենք օգտագործում՝ այդ խոզի բդեր և այլն, բայց այս տարի առաջին անգամ փորձեցի հնդկահավ պատրաստել, իմ ռուս գործընկերներից մեկը շատ հետաքրքիր բաղադրատոմս հուշեց՝ հնդկահավը համեմունքներով և մեղրապատ, շատ համեղ էր, մատներս վառեցի, դեռ չի անցել։

– Նաիրա Զոհրաբյանը նամակ գրե՞լ է Ձմեռ պապիկին։

–  Նամակ չեմ գրել, բայց Նոր տարուն անպայման լինում եմ եկեղեցում։ Ես խնդրել եմ Աստծուց, որովհետև Ձմեռ պապիկն ինձ համար Աստվածն է, նաև այն ամենակարողն է, որին կարող ես խնդրել, և եթե քո խնդրանքն անկեղծ է․․․ ես մի տեսակ հաջողակ մարդ եմ, իմ բոլոր ցանկությունները միշտ կատարվել են։ Իմ ցանկությունները վերաբերում էին Արցախին, Հայաստանին, իմ ընտանիքին, իմ հարազատներին, սիրելիներին:

– Ի՞նչ եք սպասում 2022 թվականին՝ Վագրի տարում, և ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին։

–  2022 թվականին ուզում եմ, որ բոլորի որդիները վերադառնան տուն։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian