2018 թվականին վարչապետի կարգավիճակում չէի էլ հասցրել կարդալ ԼՂ հարցի կարգավորման բանակցային թղթերը, այդ նույն ուժերը փսփսում էին, թե մեր իշխանությունը պատրաստվում է հանձնել հողերը: Այդ միտքը կամաց-կամաց, քայլ առ քայլ, ականջ առ ականջ շրջանառության մեջ էր դրվում:
Նպատակը մեկն էր, որ եթե/երբ գա Արցախի ու Հայաստանի շահերը զենքով պաշտպանելու ժամանակը՝ արժանահավատ հնչի միտքը, թե կռիվն ու պայքարն անիմաստ են, ամեն ինչ վերևներում պայմանավորված է, «հողերը հանձնած են» և այս թեզերի միջոցով երկրի դիմադրողականությունը, զինվորի մոտիվացիան ու կամքը կոտրվի: Իսկ մինչ հնարավոր պատերազմը՝ թուլանա երկրի դիրքը բանակցային սեղանի շուրջ:
Նման կոմբինացիաները, իհարկե, կառուցվում են դրսի և ներսի ուժերի սերտ համագործակցությամբ, և ներսում նմանատիպ խոսույթները ձևավորողները շատ հաճախ չեն էլ կռահում ինչին են մասնակցում, որովհետև ամենը մատուցվում է բարձր «հայրենասիրական» սոուսով: Բայց վերնախավային նեղ շրջանակը չի կարող չիմանալ սեփական առաքելությունը, որ հիմնված է արտաքին ուժերի հետ փոխշահավետ համագործակցության վրա: Արտաքին ուժերը՝ տարածքներ, ներքին ուժերը՝ իշխանություն:
2020-2021 թվականներին առաջին մասը ստացվեց, երկրորդ մասը՝ ոչ: Բայց ինչպես տեսնում եք, ներքին «հայրենասերները» չեն հանդարտվում, որովհետև նրանց արտաքին գործընկերները առաքելությունն ավարտված չեն համարում:
Այստեղ տեղին է քննադատությունը կառավարության և պետական մարմինների հասցեին: Իսկ ինչո՞ւ չեք կանխում. իհարկե, կան տասնյակ գործոններ, դրանցից առանցքայինը պետական ինստիտուտների կայացածության աստիճանն է:
Այս է պատճառը, որ համարում եմ, որ մեր առանցքային խնդիրը պետականության և պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակն է, և հիմնական անելիքը պետականության և պետական ինստիտուտների զարգացումը, որ մեր ապագայի միակ երաշխիքն է իմ խորին համոզմամբ:
Թերևս՝ շարունակելի…»