Բավական է մի հայացք գցել մարդու դեմքին, որպեսզի նրա մասին իրականում ամեն ինչ իմանալ: Եվ, չնայած աչքերը հոգու հայելին են համարվում, հատկապես, դեմքի վրա կարելի է «կարդալ», թե ինչպիսի հիվանդություններով է մեր մարմինը տառապում:
Պաթոֆիզիոգնոմիկա` այսպես է կոչվում գիտության այն ճյուղը, որը զբաղվում է դեմքի վրա տեսանելի հիվանդությունների ախտորոշմամբ և միայն փորձառու աչքը կարող է տեսնել այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք ոչ-ոք չի կարող նկատել: Շատ հաճախ, առաջին հայացքից կարելի է որոշել գենետիկական անբուժելի հիվանդություններ, որոնք փոխում են դիմագծերը: Սակայն պետք չէ փորձագետ լինել այս բնագավառում, որպեսզի սովորել կարդալ հիվանդություններն ու խանգարումները դիմագծերով: Օրգանիզմն ինքն է փորձում բոլոր հնարավոր միջոցներով մեզ տեղեկացնել հիվանդությունների մասին: Հարկ է միայն հասկանալ նրա «լեզուն», որով նա ազդանշաններ է ուղարկում մեզ:
Աչքերը
Որոշ հիվանդություններ փնտրեք աչքերի մեջ: Եթե կոպերը հաճախ են այտուցվում, դա նշանակում է, որ խնդիրներ կան վահանագեղձի հետ, կամ կարող են երիկամային անբավարարության ախտանիշներ լինել: Հարկ է խորհրդակցել բժշկի հետ, ով անհրաժեշտ բուժախտորոշման կուղարկի:
Եթե ձեր ակնախնձորները բորբոքված կամ կարմրած են և հրահրված չեն վնասվածքներով կամ մեխանիկական գրգռվածությամբ, հատկապես, կարմրած, արցունքոտվող աչքերը կարող են վկայել կոնյունկտիվիտի մասին: Կոնյունկտիվիտն աչքի լորձաթաղանթի բորբոքումն է, որն անհապաղ բուժում է պահանջում:
Իր հերթին, կոպերի ջղագձումը տեղեկացնում է օրգանիզմում մագնիումի անբավարարության մասին: Սրտի և նյարդային համակարգի հիվանդությունների կանխարգելման նպատակով հարկ է լրացնել մագնիումի պաշարներն օրգանիզմում: Դա կարելի է անել դեղահաբերի միջոցով կամ օրվա սննդակարգը հարստացնել մագնիումով հարուստ մթերքով` հատիկավորներ, ընկուզեղեն, խոշոր աղացվածքի ալյուրից հաց և այլն:
Աչքերը երիզող մուգ շրջանակները կամ դրանց տակ առաջացած պարկիկներն անհանգստության հերթական պատճառն են: Եթե այն հոգնածության կամ անքնության արդյունք է, բավական է դեղաբույսերից կամ սև թեյից պատրաստված թրջոցներ դնել: Եթե նման ախտանիշները դրսևորվում են նույնիսկ այն դեպքում, եթե լավ եք քնում, ապա դա կարող է ահազանգել ալերգիայի կամ զարկերակային գերճնշման մասին:
Արյան մեջ խոլեստերինի և տրիգլիցերիդների անբավարար մակարդակը կարող են բնորոշ լինել աչքերի շուրջ դեղին հետքերին: Դա միայն էսթետիկ խնդիր չէ և դիմահարդարին մեկ անգամ այցելելը բավական չէ: Սկզբում հարկ է համապատասխան հետազոտություններ անցնել, սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու համար:
Կնճիռները
Կնճիռները սովորաբար մաշկի և օրգանիզմի ծերացման նշան են համարվում, սակայն եթե ճակատին շատ կարճ ժամանակում նշմարվում են խոր, լայնակի ակոսներ, ապա դրանք մարսողության և ստամոքսի ոչ ճիշտ աշխատանքի ախտանիշների մասին են վկայում: Քթարմատի ուղղահայաց կնճիռները վկայում են լյարդի և լեղապարկի վատ աշխատանքի մասին:Քթարմատի կամ մի հոնքի խորը կնճիռները վկայում են այն մասին, որ մարդը պարբերաբար տառապում է գլխացավերից:
Մազերը
Մազերը նույնպես առողջական վիճակի մասին տեղեկատվության աղբյուր են համարվում: Խամրած, անփայլ մազերը, որպես կանոն, անհավասարակշռված սննդակարգերի արդյունք են: Թոշնած, մոխրագույն մազերը ակնհայտ նշան են, որ օրգանիզմը պահանջում է սպիտակուցներ, ամինաթթուներ, ցինկ, սելեն և երկաթ: Հարկ է դիմել սննդաբանին:
Եթե մազերն սկսում են ինտենսիվորեն թափվել, դա կարող է միանգամից մի քանի խանգարումների ախտանիշներ լինել: Առաջինը, հորմոնային ապահավասարակշռության ախտանշանն է: Այն կարող է առաջանալ հակաբեղմնավորիչ պատրաստուկների ընդունումը դադարեցնելուց, ծննդաբերությունից հետո և մենոպաուզաների ժամանակ:
Մազերի թափվելը կարող է նաև նշանակել, որ օրգանիզմը երկար ժամանակ ենթարկվել է ուժեղ սթրեսի: Դա կարող է հիպոթիրեոզի և վահանագեղձի աշխատանքի խանգարման նշաններ լինել: Առաջին հերթին, բավական է ազատվել սթրեսից և դիմել հոգեբանին, իսկ վահանագեղձի խնդրով կզբաղվի էնդոկրինոլոգը:
Այտերը
Եթե այտերի, պարանոցի կամ ճակատի մաշկի վրա անընդմեջ քոր է զգացվում, ապա դրանք ալերգիայի, վահանագեղձի խնդրի, երիկամային անբավարարության և արյան հիվանդությունների առաջին ախտանիշներ են: Եթե այդ դեպքում մաշկը բացառապես գունատ է և եթե դա ի ծնե չէ, մաշկային այդպիսի հակազդումը կարող է վկայել անեմիայի մասին: Նման ախտանիշների դեպքում հարկ է անհապաղ դիմել բժշկի. չբուժված անեմիան շատ վտանգավոր է և կարող է հրահրել լուրջ բարդություններ:
Քիթը
Քիթը նույնպես վկայում է այն մասին, թե ինչպես է մեր մարմինն իրեն զգում: Եթե քթից հաճախ է արյուն հոսում, օրինակ, առավոտյան, երբ կտրուկ վեր եք կենում անկողնուց կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում, կամ ուժեղ սթրեսի դեպքում, դա նշանակում է, որ տառապում եք զարկերակային արյան բարձր ճնշմամբ: Հարկ է անհապաղ խորհրդակցել մասնագետի հետ:
Եթե քթի ծայրն անբնական կապույտ երանգ է ստացել, դա վկայում է սրտի կամ թոքերի ոչ ճիշտ աշխատանքի մասին: Համապատասխան հետազոտություններն ու բժշկի հետ խորհրդակցելն այս դեպքում խիստ անհրաժեշտ է:
Շրթունքները
Շրթունքները շատ զգայուն օրգան են և դեմքի վրա տեղակայված առողջության ամենալավ ինդիկատորը: Շրթունքները պատված են բարակ, նուրբ մաշկով և ազդանշաններ են ուղարկում միլիոնավոր նյարդային վերջույթների միջոցով: Դրա համար էլ օրգանիզմում յուրաքանչյուր սննդային փոփոխություն արտացոլվում է շրթունքների վրա:
Տագնապի ամենատարածված ազդանշաններից մեկը շուրթերի անկյունների ճաքերն են: Սովորաբար դա նշանակում է, որ օրգանիզմում է B12 վիտամինի, նաև երկաթի և ցինկի անբավարարություն կա: Հարկ է ուշադրություն դարձնել օրվա սննդակարգին և սննդի մեջ ներառնել միկրոտարրեր, որպեսզի չդրսևորվեն նյարդային համակարգի խանգարումներ կամ տեսողության նվազում:
Կնոջ շրթունքների վերին մասի բեղիկները էստրոգենի և տեստոստերոնի մակարդակների միջև ապահավասարակշռության արդյունք են: Այդ դեպքում հարկ է դիմել գինեկոլոգին:
Լեզուն
Չոր և ճաքճքած լեզուն վկայում է շաքարային դիաբետի հակվածության, իսկ դրա վրայի սպիտակ փառը գաստրիտի մասին:
Կոկորդը
Կոկորդում մշտական ճնշումը կարող է նախազգուշացնել խպիպի աճի, վահանագեղձի մեծացման կամ ավշահանգույցների խնդրի ազդանշանի մասին:
Նախնական ախտորոշումը կօգնի ժամանակին հայտնաբերել լուրջ հիվանդության ախտանիշները և սկսել բուժումը, հետևաբար, նաև կխուսափեք վտանգավոր բարդություններից: Խորհուրդ ենք տալիս ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ: Օրգանիզմի հակազդումն արտաքին զանազան գրգռիչների և ալերգենների նկատմամբ այնքան տարբեր է, որ մի դեպքում աչքերի տակի մուգ շրջանակներն ու այտերի կարմրությունն անհանգստության պատճառ են, իսկ մյուս դեպքում` ժամանակավոր խանգարում, որի հետ իմունային համակարգն ունակ է պայքարել:
Բոլոր դեպքերում, եթե դեմքի վրա նկատել եք կասկածելի ախտանշաններ, խորհրդակցեք բժշկի հետ: