Շատ ծնողներ բախվում են մանկական խանդին: Փոքրիկը խանդում է ծնողներին, քրոջը, եղբորն, անգամ անծանոթ մարդկանց: Երեխայի մոտ խանդն առաջանում է 2-2,5 տարեկանում: Հիմնականում երեխաները խանդում են մայրերին:

Ինչու՞ է երեխան խանդում մորը

Երեխան խանդում է մորը, քանի որ փոքրիկի համար շատ կարևոր է մայրիկի ուշադրությունը: 9 ամիս նա ֆիզիկապես կապված է եղել մոր հետ: Ծնվելուց հետո այդ կապը լինում է կրծքով կերակրելու միջոցով: Կյանքի առաջին տարիներին փոքրիկը վախենում է կորցնել մորը:

Խանդ կարող է առաջանալ հետևալ դեպքերում.

  • Մայրը ոչ միշտ է լինում երեխայի կողքին: Երբ մայրն ուշադիր է, դրան զուգահեռ թույլ է տալիս, որ փոքրիկը մի քիչ ինքնուրույնություն ձեռք բերի, խանդ չի առաջանում:  Երբ այդ ինքնուրույնությունն ու ազատությունը շատ է, իսկ սերն ու ուշադրությունը՝ քիչ, երեխայի մոտ ներքին անհանգստություն է սկսում: Երեխան սկսում է խանդել մայրիկին, քանի որ չի ցանկանում կորցնել նրան:
  • Լինում է նաև հակառակը, երբ մայրը զրկում է երեխային ինքնուրույնությունից ու ամեն ինչ որոշում է փոքրիկի փոխարեն, ինչի հետևանքով երեխան իրեն զգում է անօգնական: Այս դեպքում խանդ է առաջանում, քանի որ երեխան կարծում է, որ նա չի կարող ապրել առանց մայրիկի օգնության: Չափից շատ ուշադրության դեպքում երեխան դառնում է էգոիստ: Նա կարծում է, որ պետք է լինի բոլորի ուշադրության կենտրոնում:

Երեխան մայրիկին խանդում է նաև հոր նկատմամբ,  չէ՞ որ, նա ամբողջ օրն անցկացրել է մայրիկի հետ, իսկ երեկոյան հայրիկը գալիս է և շեղում մայրիկի ուշադրությունը:

Ի՞նչ անել երբ փոքրիկը խանդում է մորը հոր նկատմամբ

  • Երեխան չպետք է կարծի, որ երբ մայրիկն ու հայրիկը շփվում են առանձին, նրանք դադարում են սիրել իրեն: Երբ փոքրիկը գալիս է ձեզ մոտ, գրկեք նրան ու համբուրեք: Ցույց տվեք, որ ամեն պարագայում նա սիրված է:
  • Երբ երեխան ասում է «մի դիպչիր մայրիկին», «նա իմ մայրիկն է», պետք է բացատրել նրան, որ հայրիկը նույնպես սիրում է մայրիկին: Կարելի է երեխային առաջարկել միասին գրկել և համբուրել մայրիկին: Այդպես նա չի կարծի, թե հայրիկն իրենից փորձում է խլել մայրիկին:
  • Երբ երեխան ագրեսիվ է և լալիս է, բացատրեք նրան, որ ընտանիքում բոլորը պետք է միմյանց սիրեն:

 Ի՞նչ պետք է չանել

  • Երբ երեխան լալիս է, մի՛ փորձեք նրան հանգստացնելու համար բոլոր ցանկություններն անմիջապես կատարել:
  • Երբ երեխան խանդում է մորը հոր նկատմամբ, մի՛ տրվեք զգացմունքներին և մի՛ դադարեցրեք շփումն ամուսնու հետ: Երեխան պետք է հասկանա, որ հայրիկը նույնպես ունի ուշադրության կարիք:
  • Երեխայի ներկայությամբ մի՛ վիճեք:

Այս քայլերն անելու դեպքում երեխայի մոտ խանդը քիչ-քիչ կվերանա: Մինչև 3 տարեկանը երեխան փորձում է իր «ԵՍ»-ը գտնել կյանքում: Արդեն 3 տարեկանից հետո մոր ու երեխայի միջև կապը թուլանում է, և երեխան դառնում է ավելի ինքնուրույն:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.