Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց և դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում միջնորդել եմ, որ ձեր քաղաքական ուժերն այդ հարցում որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն, հիմա էլ եմ առաջարկում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի՝ գերիների վերադարձին առնչվող հարցին:

«Քարոզարշավի ժամանակ ասում էիք, որ Ձեզ համար բոլոր գերիները հավասար են, և պատրաստ եք Ձեր որդուն հանձնել գերիների փոխարեն, հետո ասում էիք, որ գերիները մեզ կներեն, եթե ևս երկու ամիս մնան գերու կարգավիճակում, հետո ասում էիք, որ դեռ պետք է քննել՝ գերի ընկելը հանցագործությու՞ն է, թե՞ ոչ: Այժմ կողմնորոշվեք, դրսում կանգնած ծնողները սպասում են Ձեր պատասխանին՝ ի վերջո՝ ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը գերիների վերաբերյալ, փակվա՞ծ է արդյոք այդ հարցը Ձեզ համար»,-հետաքրքրվեց պատգամավորը:

«Այն ժամանակ մենք այդ հարցը պաշտոնական-ոչ պաշտոնական խողովակով արել ենք ադրբեջանական կողմին, ինչը, ցավոք, արձագանք չի գտել: Որ պահին արձագանք կգտնի, ուժի մեջ գտնվող է»,-ասաց Փաշինյանը:

Նա վերահաստատեց՝ գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննվի: «Կլինեն գերեվարման դեպքեր, երբ կոնկրետ քրեաիրավական հետևանք չի լինի, կլինեն դեպքեր, երբ կլինեն քրեաիրավական հետևանքներ»,- ասաց նա՝ նշելով, որ եթե «վերևից» եղել է հրաման, որ գերեվարված ադրբեջանցիներին բաց թողնեն, որ գերի հանձնվեն, այդպիսի հրաման տվողները կդատվեն, բայց դա իրականության հետ կապ չունի:

Փաշինյանն ընդգծեց, թե ամեն օր աշխատանք է կատարվում գերիների վերադարձի համար:

Էլինար Վարդանյանն արձագանքեց՝ վարչապետը մեղադրում է 18-ամյա զինծառայողներին վախենալու, չկողմնորոշվելու մեջ, ապա հարցրեց. «Դուք նոյեմբերի 9-ից հետո որտե՞ղ էիք, կողմնորոշվե՞լ եք»,-ասաց նա:

Փաշինյանը պատասխանեց, թե նոյեմբերի 9-ից հետո էլ, առաջ էլ եղել է իր պաշտոնավարման դիրքերում:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian