Այս տարի Երևանի ձնամաքրման գործընթացն ամբողջությամբ կիրականացնի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: 8 բազմաֆունկցիոնալ ձնահավաք ավտոմեքենաներ են համալրել համայնքային կառույցի ավտոհավաքակայանը:

«Սրանք բազմաֆունկցիոնալ, կատարելագործված մեքենաներ են, երկու սեղմավահանակով են, դիմացի հատվածում և ետնամասում ունենք ևս մեկ սեղմավահանակ, որը երթևեկելի երկու հատված է մաքրում: Այսինքն, մի մեքենան կատարում է համարյա երկու մեքենայի աշխատանք»,- նշում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը:

Մինչև վերջերս քաղաքի բարձրադիր՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ձնամաքրման գործառույթը վերապահված էր կապալառու ընկերությանը: Տեխնիկական վերազինումը հնարավորություն տվեց համայնքին ստանձնել ողջ գործընթացի պատասխանատվությունը: ԵԱՍՄ-ն արդեն 124 միավոր տեխնիկա ունի, որից 62-ը կօգտագործվի ձնամաքրման նպատակով:

«Հիմնարկը հագեցած է առաջին անհրաժեշտության այն տեխնիկայով, որով իրականացվում են աղբահանության, ինչպես նաև ձյան մաքրման ու տեղափոխման աշխատանքները: Հենց ձմռան նախաշեմին արդեն այդ տեխնիկան պատրաստ է: Շատ ուրախալի փաստ է քաղաքային տնտեսության մեջ արձանագրել այսպիսի հիմնարկի գոյությունը, այսպիսի ծառայության մատուցումը, և շատ կարևոր է, որ բոլորս խնայողաբար վերաբերվենք այն ամենին, ինչ ունի մայրաքաղաքը՝ իր իսկ բյուջեի միջոցներով ձեռք բերված»,- ընդգծում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Մինչ աղբահանության մեքենաները զբաղված են քաղաքը մաքրելով՝ հավաքակայանում իր հերթին է սպասում ձնամարքման հատուկ տեխնիկան: Բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաներն արդեն վերամասնագիտացվել են:
Այս պահին պահեստավորված է 3400 խմ աղ և ավազ, ևս 7200 խմ-ի կուտակումն ընթացքում է:

Ձմռան համար մեքենաների բաշխումն իրականացվել է ըստ վարչական շրջանների՝ հաշվի առնելով ծավալը, տեղանքի բարդությունն ու օդի ջերմաստիճանի տարբերությունը:

«Բոլոր միջոցներն այս պահին ի մի են բերված՝ այն, ինչ ունի ԵԱՍՄ-ն, որն իրականացնում է հիմնական ծառայությունը և այն ռեսուրսները, որ առկա են մեր համայնքային այլ կազմակերպություններում: Կազմակերպական առումով ձևավորվելու են վարչական շրջաններում մշտական գործող օպերատիվ շտաբներ, որոնք կհետևեն իրականացվող աշխատանքներին, կգրանցեն բոլոր ահազանգերը և արագորեն կարձագանքեն: Նույնպիսի համակարգող կենտրոն կունենանք Երևանի քաղաքապետարանի շենքում՝ շուրջօրյա հերթապահությամբ»,- ասում է Կամո Արեյանը:

«Պատասխանատուները պետհամարանիշներով գիտեն, թե որ վարչական շրջաններում որ մեքենաներն են աշխատելու: Դրա հետ մեկտեղ, եթե մենք գիտենք, որ արդեն պետք է ձյուն գա, նախապես մեքենաները լիցքավորվում են աղ ու ավազով և դուրս են գալիս վարչական շրջաններ, որոշ հատվածներում կայանում են, և երբ ձյունը սկսում է տեղալ, մեր աշխատանքն սկսվում է: Ամեն րոպեն նշանակություն ունի երթևեկության համար»,- նկատում է Արմեն Գրիգորյանը:

Շատ կարևոր է իմանալ, որ եթե փողոցների ձնամաքրմամբ զբաղվում է համայնքային հիմնարկը, ապա հատկապես մայթերը մաքրելու գործում պատասխանատու են նաև տնտեսվարողները: Դեռևս 2009թ. Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել. անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման պատասխանատուն տնօրինողն ու տնտեսվարողն է: Համաձայն որոշման՝ տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացող ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները:

«Արդեն ծանուցված են բոլոր տնտեսվարողները բոլոր վարչական շրջանների կողմից: Թող այն տպավորությունը չստեղծվի բոլորի մոտ, որ քաղաքապետարանն իր ուսերից գցում է մայթերի մաքրումը, բարդում է քաղաքացիների ու տնտեսվարողների վրա, սա դեմագոգիա է, ամբողջ աշխարհում գործում է այս կարգը»,- շեշտում է Երևանի քաղաքապետի խորհրդականը:

Հանրային պատասխանատվության կարևոր դրսևորումներից է նաև ձմռանը պարտադի՛ր ձմեռային անվադողերով երթևեկելը: Մեկ վարորդի անպատասխանատու վարքը կարող է բազմաթիվ վթարների, մարդկային կյանքերի, գույքային վնասի ու քաղաքային երթևեկության խոչընդոտի պատճառ դառնալ։

«Առաջին իսկ ձյան տեղումների ժամանակ ակնհայտորեն զգացվում է բոլոր այն մեքենաների առկայությունը, որոնք ձմեռային անվադողեր չունեն: Ամենահեշտ պատճառաբանությունն է. քաղաքը չի մաքրել փողոցը: Եվ ես խնդրում եմ պարեկային ծառայությանը՝ ՃՈ-ին իրենց պահանջը ևս թելադրել օրենքով սահմանված կարգով: Սա ևս ընդունված է ամբողջ աշխարհում և պարտադիր պահանջ»,- ընդգծում է Կամո Արեյանը:

Վարչական միջոցներից զատ, անչափ կարևոր է նաև բնակիչների հոգատար վերաբերմունքը: Եթե յուրաքանչյուրս ավելի հոգատար լինենք Երևանի հանդեպ, ապա տարվա բոլոր եղանակներին, մաքրության, երթևեկության, և որ ամենակարևորն է՝ քաղաքացիների անվտանգությանն առնչվող խնդիրները շատ ավելի քիչ կլինեն:

yerevan.am

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian